Նախևառաջ շատ կարևոր է հիշատակել, որ ԱՄՆ-ի հետ վերջին շրջանում մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել՝ արհեստական բանականության գործարանները, «Թրամփի ուղին». սրանք վկայում են մեր ռազմավարական գործընկերության մասին։ Այս մասին նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել նաև Եվրոպական Միության հետ։ 2025 թվականին Հայաստանի խորհրդարանը օրենք է ընդունել Հայաստանի՝ ԵՄ–ին միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, բայց շատ կարևոր նրբություն կա, որովհետև տնտեսական կապերից զատ մեր քաղաքականությունն է բազմազանեցնել մեր քաղաքական կապերը նույնպես։ Ուստի վերջին տարիներին մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել ԱՄՆ-ի հետ, Եվրոպական Միության հետ, Չինաստանի հետ։ Անկախությունը պահպանելու և ամրապնդելու համար շատ կարևոր է բազմազանեցված արտաքին կապեր ունենալ և ահա թե ինչու է Հայաստանը որդեգրել հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն։
Իմ գնահատականը հետևյալն է, որ մենք բավական բարեհաջող ի կատար ենք ածում այդ քաղաքականությունը մինչ օրս, և իհարկե մենք կխորացնենք այդ ռազմավարությունը և կշարունակենք բազմազանեցնել մեր կապերը և տնտեսության, և քաղաքական հարաբերությունների իմաստով»,–ասել է վարչապետը։




























