Թեհրանն իր առաջարկը փոխանցել է ամերիկացի պաշտոնյաներին կողմերի՝ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել երրորդ կողմերի միջնորդությամբ, հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին։
«Իրանը Թրամփի վարչակազմին փոխանցել է առաջարկ, ըստ որի՝ Հորմուզի նեղուցը կրկին կբացվի, իսկ լայնածավալ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները կվերսկսվեն յոթ օրվա ընթացքում», - Արաղչիի հայտարարությունը մեջբերել է պարբերականը, որն արվել է լրագրողների և փորձագետների խմբի հետ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ներկա առաջարկը նման է փոխըմբռնման հուշագրին, որը կողմերը համաձայնեցրել էին հունիսին։
Նրա համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն և նեղուցը կրկին բացվի։
Միևնույն ժամանակ, CNN հեռուստաալիքը նշել է, որ յոթօրյա ժամկետը, որի ընթացքում ԱՄՆ-ը պետք է կատարի պայմանները, կսկսվի հաջորդ օրն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնի Իրանի առաջարկին։
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք սպասում են Վաշինգտոնի պատասխանին։
Արաղչին նշել է, որ Թեհրանը չի շտապում, սակայն կարծում է, որ ավելի լավ կլիներ, եթե ԱՄՆ-ը համաձայներ և բանակցությունները վերսկսվեին մինչև նոյեմբերի սկզբին ամերիկյան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։
Միևնույն ժամանակ, ամերիկացի անանուն պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը վարում է «դրական և կառուցողական բանակցություններ երրորդ կողմերի միջնորդությամբ»։
«Միացյալ Նահանգները շատ ուժեղ դիրքերում է՝ վերահսկելով Հորմուզի նեղուցը, ուստի մենք չենք շտապում։ Անցած գիշեր գրեթե 22 մլն բարել նավթ է անցել նեղուցով», - ասել է պաշտոնյան։




























