«Օրենքով գող» «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը,  կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Սողոյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատեցին դատարանից։  «Օշականցի Գևորիկին»՝  Գևորգ Մելիքյանին, կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը և Գևորգ Մելիքյանը ձերբակալվել են սեպտեմբերի 23-ին։ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, թե «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է մեկ այլ «օրենքով գող» Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։ Նույն օրը ժամը 02:40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Դրանից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար լինելու համար, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն՝ իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։