Շաբաթ օրը Բանգկոկի իշխանությունները աղետի ռեժիմ են հայտարարել Թաիլանդի մայրաքաղաքի բոլոր 50 շրջաններում։ Դրա պատճառը զանգվածային ջրհեղեղներ առաջացրած և երեք օր շարունակվող հորդառատ անձրևներն են։
Հինգշաբթի կեսօրից սկսած՝ քաղաքում գրեթե 300 մմ տեղումներ են գրանցվել։
Աղետի ռեժիմը տեղական մարմիններին լրացուցիչ լիազորություններ է տալիս՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Հինգշաբթի օրվանից անձրևները գրեթե չեն դադարել։ Դրանք ջրի տակ են անցկացրել ճանապարհները, իսկ Բանգկոկի ջրանցքներում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։ Ջուրը սկսել է լցվել նաև ջրանցքների հարևանությամբ գտնվող տներն ու ռեստորանները։
«Ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Հիմա արդեն դժվար է դուրս գալ տնից։ Ջուրը գրեթե մինչև գոտկատեղ է հասնում»,- AFP-ին պատմել է 67-ամյա վաճառողուհի Սոմկիդ Փհեուկ-նգամը, ով բնակվում է Բանգկոկի կենտրոնից հյուսիս գտնվող ջրանցքի մոտակայքում։
Կնոջ խոսքով՝ ջրհեղեղի պատճառով ինքն արդեն երկու օր է՝ չի բացում իր խանութը։ Նա նշել է, որ իրենց թաղամասը հաճախ է տուժում նման աղետներից, սակայն ներկայիս իրավիճակն, իր գնահատմամբ, շատ ավելի վատ է, քան 2011 թվականի ավերիչ ջրհեղեղի ժամանակ։
2011 թվականի ջրհեղեղը Թաիլանդի նորագույն պատմության ամենածանր տարերային աղետներից մեկն էր. այն ժամանակ զոհվել էր ավելի քան 500 մարդ, և վնասվել միլիոնավոր տներ։
Արի շրջանի բնակիչ Սամրուայ Նակկամնուենգը պատմել է, որ առավոտյան աշխատանքի գնալիս տեսել է ամբողջովին հեղեղված փողոցը։ Նա մտավախություն է ունեցել, որ չի կարողանա մոտոցիկլետով անցնել կուտակված ջրի միջով։
Բանգկոկի հարավարևելյան Օն-Նուտ շրջանի որոշ փողոցներում ջուրը հասել է մինչև ծնկները։ Տեղացիները հեղեղված ճանապարհներով քայլում են ոտքով և ավազով լի պարկեր դնում ճանապարհին՝ փորձելով հեղեղումներից պաշտպանել իրենց տները։
Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիթիպունտն ընդգծել է, որ ամենաշատը տուժել է քաղաքի արևելյան հատվածը։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են դուրս մղել կուտակված ջուրը, սակայն քաղաքի ջրանցքներն արդեն իսկ գերլցված են։
«Անձրևը չի դադարում, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ։ Փորձում ենք դուրս պոմպել ջուրը, սակայն ջրանցքներն արդեն լիքն են»,- սոցիալական ցանցերում գրել է նահանգապետը։
Նա զգուշացրել է, որ առավել մեծ վտանգ է սպառնում ջրանցքներին հարակից տների բնակիչներին, իսկ վարորդներին հորդորել է մեքենաները տեղափոխել ավելի բարձրադիր վայրեր։
Իշխանությունները նաև խորհուրդ են տվել անկողնուն գամված կամ բժշկական սարքավորումներից կախում ունեցող հիվանդներին ժամանակավորապես տեղափոխվել հիվանդանոցներ։
Բանգկոկի տրանսպորտային վարչությունը թույլատրել է մեքենաներն անվճար կայանել մետրոպոլիտենի (MRT)՝ «կայանիր և երթևեկիր» համակարգի համար նախատեսված ավտոկայանատեղիներում։ Այս հնարավորությունը կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։
Թաիլանդի Տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման դեպարտամենտը զգուշացրել է, որ ցածր մթնոլորտային ճնշման գոտին երկրի արևելյան, հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում կպահպանվի մինչև կիրակի։ Նշված տարածքներում հնարավոր են հանկարծակի հեղեղումներ, սարերից իջնող ջրահոսքեր, սողանքներ և գետերի վարարում։




























