Աթենքի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից և շենքի փլուզումից հետո փրկարարները կնոջ մարմին են հայտնաբերել։ Եվս մի քանի մարդ շարունակում է կորած համարվել, հայտնում է Kathimerini-ն։

Նախնական տվյալներով՝ զոհվածը հավանաբար փլուզված շենքի առաջին հարկի բնակարանը վարձակալած ամերիկացի չորս զբոսաշրջիկներից մեկն է։ Մյուս երեքին դեռևս չեն գտել։

Բացի այդ, փլատակների տակ կարող է գտնվել երկրորդ հարկում բնակվող տարեց զույգը՝ Մեծ Բրիտանիայի 78-ամյա քաղաքացին և Հունաստանի 77-ամյա քաղաքացուհին։ Նրանց գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Ավելի վաղ փրկարարները ավերակներում հայտնաբերել էին կանացի պայուսակ՝ անձնական իրերով, երկու անձնագրով և բնակարանի վարձակալության պայմանագրով։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամերիկացի զբոսաշրջիկները պետք է Աթենքի օդանավակայանից մեկնեին Delta Airlines-ի ժամը 15:30-ի չվերթով, սակայն նրանք ուշացել էին իրենց չվերթից։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Դրանցում ներգրավված է եղել շուրջ 30 հրշեջ-փրկարար՝ 6 միավոր տեխնիկայով, այդ թվում՝ երկու հատուկ փրկարարական ավտոմեքենա, ինչպես նաև որոնողական 3 շուն։ Փրկարարները պարբերաբար դադարեցրել են աշխատանքը, որպեսզի հատուկ երկրաֆոնների (փլատակների տակից ձայները որսացող սարքերի) միջոցով ստուգեն ողջ մնացածների առկայությունը։

Մութ ժամերին աշխատանքները շարունակելու համար փլուզված շենքի դիմացի պատշգամբում լուսարձակներ են տեղադրվել։

Պայթյունի պատճառը դեռևս պարզվում է։ Քննության հիմնական վարկածներից մեկը բնական գազի արտահոսքն է։ Շենքի երկրորդ հարկում առկա է եղել միացում գազամատակարարման ցանցին, իսկ ականատեսները պատմել են, որ պայթյունից կարճ ժամանակ առաջ գազի ուժեղ հոտ են զգացել։

Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով առավոտյան 07:35-ի սահմաններում՝ Պլակա զբոսաշրջային շրջանի Լիսիկրատուս 15 հասցեում։ Հարվածային ալիքը հանգեցրել է շենքի փլուզմանն ու ցնցել հարակից փողոցները։

Հրշեջ-փրկարարները հարևան շենքից տարհանել են երկու կնոջ։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղական լրատվամիջոցները և բնակիչներից մեկը հայտնել են նաև պայթյունի պահին մոտակայքում գտնվող անցորդի թեթև վնասվածքների մասին։

Տեղի ունեցածի հանգամանքների քննությունը շարունակվում է։