Ներողություն խնդրելը չի ընդունվում. Մերժելի է նաև Հանրային հեռուստաընկերության երեկվա համերգային անբարոյականությունը պարզապես «սխալ» որակելը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով 44–օրյա պատերազմի տարրելիցի օրը Հանրային հեռուստատեսությամբ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելուն և դրանից հետո Հանրայինի ներողությանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գտեք ձեր մեջ եղած անբարոյականներին ու ասեք, որ հենց իրենց պատճառով է երեկ եթեր գնացել Թաթայի համերգը: Հանրայնացրեք նրա անունը ու պահանջեք որ հեռանա հանրային հեռուստաընկերությունից:
Հակառակ պարագայում բոլորդ հայտնվելու եք վերոնշյալ կարգավիճակում»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է Թաթա Սիմոնյանի համերգը, ինչը բուռն քննադատություն էր առաջացրել հանրության շրջանում։
Ավելի ուշ Թաթա Սիմոնյանը հայտարարել էր. «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։
Իր հերթին Հանրային հեռուստաընկերությունը ներողություն էր խնդրել կատարվածի համար՝ նշելով. «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։





























