Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։
Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ միաժամանակ խոսելով Սփյուռքի հետ կապերի և իր կառավարության քաղաքականության մասին։ Սա պարզապես ուսանողների հետ հանդիպում չէր։
Փաշինյանը իր քաղաքական օրակարգը մտցրեց մի կառույց, որի գլխավոր պայմանը հենց քաղաքական չեզոքությունն էր, և այստեղ նրա քայլի ամենավտանգավոր կողմը միայն այդ կազմակերպության քաղաքականացումն ու դրա ներսում առաջացող պառակտումը չէր։
Սա հենց Սփյուռքի պառակտման հերթական օղակն էր։
Վերջին շրջանում Փաշինյանի քաղաքական խոսքում Սփյուռքի հետ հարաբերությունների վերաձևակերպումը դարձել է առանձին օրակարգ: Նա արդեն հայտարարել է, որ «Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել» և շեշտել Սփյուռքի՝ որպես այլ երկրների տարածքում գոյություն ունեցող համայնքների կարգավիճակը։
Եվ հիմա այդ նույն Սփյուռքի երիտասարդական, ապաքաղաքական կառույցի ներսում նա ներկայացնում է իր քաղաքական գաղափարախոսությունը։
Փաստորեն, մի կողմից՝ Սփյուռքին ասում են՝ դուք Հայաստանի քաղաքականության կողմ չեք, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունն ինքն է մտնում Սփյուռքի քաղաքական և հասարակական միջավայր ու այնտեղ քաղաքական օրակարգ ձևավորում...
Սա արդեն պարզապես հակասություն չէ, սա երկակի մոտեցում է, որի գինը վճարում է Սփյուռքի համախմբվածությունը...
Համահայկական ուսանողական ասոցիացիայի նման կառույցի ուժը հենց այն էր, որ այնտեղ կարող էին կողք կողքի կանգնել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդներ։
Փաշինյանի այս քայլը այդ ընդհանուր տարածքը վերածում է ընտրության դաշտի՝ կողմ ես այս քաղաքական օրակարգի՞ն, թե՞ դեմ...
Ու հենց այստեղ է սկսվում պառակտումը...
Մեկը կմնա, որովհետև ընդունում է Փաշինյանի օրակարգը, մյուսը կհեռանա, որովհետև չի ընդունում, երրորդը կսկսի կասկածել՝ արդյոք այս կազմակերպությունն այլևս իր համար է...
Այսպես են քանդվում համահայկական կառույցները՝ ոչ թե մեկ օրում, այլ հենց ներսից:
Սփյուռքն արդեն ունի կուսակցական, գաղափարական, կրոնական և քաղաքական բազմաթիվ հարթակներ, այն ինչ պակասում է, բոլորին համախմբող ընդհանուր տարածքներն են, և եթե նույնիսկ այդ տարածքներն են քաղաքականացվում, ապա խնդիրը մեկ Փաշինյանի հանդիպումը չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքական բաժանումը ներմուծվում է այնտեղ, որտեղ պետք է հայ երիտասարդներին իրար կապեր։
Փաշինյանի համար դա կարող է լինել մեկ հանդիպում, բայց
Սփյուռքի համար՝ ևս մեկ բաժանարար գիծ...
Այդ քիչ հարթակներից մեկը չպետք է զոհաբերվի մեկ քաղաքական այցի, մեկ գաղափարախոսության կամ մեկ իշխանության օրակարգի, որովհետև երբ Սփյուռքի երիտասարդությունն էլ է բաժանվում «յուրայինների» և «ոչ յուրայինների», մենք կորցնում ենք ոչ թե մեկ կազմակերպություն, այլ կորցնում ենք իրար կողքի կանգնելու կարողությունը...
Հարություն Աղա-Սարգսյան
Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ





























