Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը դիզելային վառելիքի ռեկորդային գնաճի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել նահանգի ողջ տարածքում և թույլատրել ներկված (արտոնյալ) դիզվառելիքի լայն կիրառումը ճանապարհներին, հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները սեպտեմբերին սկսել են կտրուկ աճել։ Եթե մեկ տարի առաջ Տեխասում դիզվառելիքի միջին արժեքը 3,16 դոլար էր մեկ գալոնի (մոտ 3,8 լիտր) դիմաց, ապա սեպտեմբերի 19-ին այն հասել է ռեկորդային 5,97 դոլարի։

«Տեխասի գյուղատնտեսությունն ու բեռնափոխադրումներն ուղղակիորեն կախված են դիզելային վառելիքից։ Ռեկորդային գները վտանգում են երկու ոլորտներն էլ և ավելացնում յուրաքանչյուր տեխասյան ընտանիքի ծախսերը։ Այժմ ֆերմերներն ու բեռնատարների վարորդները կկարողանան ներկված դիզվառելիքն օգտագործել Տեխասի ճանապարհներին», — հայտարարել է նահանգապետը։

Ներկված դիզվառելիք սովորաբար օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և վաճառվում է առանց շարժիչային վառելիքի ակցիզային հարկի։ Նահանգի օրենքն արգելում է դրա կիրառումը ընդհանուր օգտագործման ճանապարհներին, սակայն նահանգապետի հրամանագրով այդ սահմանափակումներն ու դրանց հետ կապված տուգանքները ժամանակավորապես հանվել են։

Բացի այդ, հրամանագիրը թույլատրում է վառելիք, գյուղատնտեսական ապրանքներ և փայտանյութ փոխադրող մեքենաների թույլատրելի առավելագույն քաշը հասցնել մինչև 95 հազար ֆունտի (մոտ 43 տոննա)։

Էբոթը նաև դիմել է ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել ծծմբի գերցածր պարունակությամբ դիզվառելիքի դաշնային պահանջներն ու Տեխասի 110 շրջաններում գործող բնապահպանական առանձին նորմերը։ Նահանգապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ սա թույլ կտա ավելացնել նահանգի լիցքավորման կայաններ մատակարարվող վառելիքի ծավալը։