Իրաքի «Ազգային իմաստնություն» շարժման առաջնորդ Ամմար ալ-Հաքիմը կառավարությանը կոչ է արել իրանական ավիաընկերությունների առջև բացել երկրի բոլոր օդանավակայանները․ հայտնում է «Al Jazeera»-ն։

Սա հաջորդել է Բաղդադի այն որոշմանը, որով իրանական ավիաընկերություններին (բացառությամբ «Mahan Air»-ի) թույլատրվել է օրական մինչև 40 չվերթ իրականացնել դեպի Էն-Նաջաֆի միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ։ Իրաքյան կողմը պարզաբանել է, որ ԱՄՆ-ից ստացել է պատժամիջոցային այն սահմանափակումների բացառումը, որոնք ավելի վաղ հանգեցրել էին Իրանի ու Իրաքի միջև ավիահաղորդակցության դադարեցմանը։

Ալ-Հաքիմի գնահատմամբ՝ դեպի Էն-Նաջաֆ թռիչքների մասնակի վերականգնումը փաստում է, որ երկխոսությունն ու կառուցողական դիվանագիտությունը թույլ են տալիս հարթել խնդիրներն ու հաղթահարել խոչընդոտները։

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը քաղաքացիական ավիացիայի մարմիններին հորդորել է երկու երկրների միջև չվերթների համար բացել Իրաքի բոլոր օդանավակայանները, քանի որ մյուս ուղղություններով սահմանափակումները դեռ պահպանվում են։

«Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան պատժամիջոցների ներդրումից հետո Իրանի ու Իրաքի միջև թռիչքները դադարեցվել էին չորս օդանավակայանում, իսկ հաղորդակցության վերականգնումը սկսվել է հենց Էն-Նաջաֆից։

Էն-Նաջաֆն առանձնահատուկ նշանակություն ունի երկու երկրների ավիահանգույցում․ քաղաքը շիաների ուխտագնացության գլխավոր կենտրոններից է, ու իրանական չվերթների ուղևորների մեծ մասը մեկնում է կրոնական, բուժման կամ հումանիտար այլ նպատակներով։