Առնվազն 20 մարդ զոհվել, ևս հինգը վիրավորվել է Նիգերիայի Պլատո նահանգում չորս տրանսպորտային միջոցի բախմամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտայն պատահարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել ուրբաթ Հավան Կիբո — Ջոս մայրուղում, որը նահանգը կապում է Աբուջայի հետ, հայտնել է Associated Press-ը՝ հղում կատարելով Նիգերիայի Ճանապարհային անվտանգության դաշնային կորպուսին (FRSC)։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել արգելակային համակարգի խափանումը, որից հետո վարորդը կորցրել է կառավարումը։ Բախումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 15:30-ին՝ Սոպի ջրվեժից ոչ հեռու։
Ընդհանուր առմամբ, ՃՏՊ-ին մասնակցել է 25 մարդ՝ 23 տղամարդ և երկու կին։ Զոհվել է 20 տղամարդ, ևս հինգ մարդ ստացել է վնասվածքներ։ Տուժածներին տեղափոխել են Ռայոմի և Վոմի հիվանդանոցներ, զոհվածների մարմիններն ուղարկել են Ջոսի համալսարանական կլինիկական հիվանդանոցի դիահերձարան։
Վթարի են ենթարկվել Howo Sino բեռնատարը, Toyota Corolla մարդատար ավտոմեքենան, Yankari Express ընկերության Toyota Hummer ուղևորատար ավտոբուսը և մոտոցիկլը։ Տեղի Channels Television հեռուստաալիքի տվյալներով՝ բախումից հետո ավտոբուսը բռնկվել է. այս տեղեկությունը ճանապարհային ծառայության սկզբնական հաղորդագրության մեջ չի նշվում։
Փրկարարները մաքրել են վթարի վայրը և վերականգնել երթևեկությունը մայրուղում։ Ճանապարհային անվտանգության դաշնային կորպուսի ղեկավար Շեհու Մոհամեդը հանձնարարել է հետաքննել ՃՏՊ-ի հանգամանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով արգելակների հնարավոր խափանմանն ու կառավարման կորստին։
Ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են լուրջ խնդիր մնալ Նիգերիայի համար։ Իշխանությունները դրանք պարբերաբար կապում են, մասնավորապես, ավտոմեքենաների տեխնիկական վիճակի, արագության գերազանցման և ճանապարհային երթևեկության կանոնների անբավարար պահպանման հետ։



























