ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երեքշաբթի օրը մահապատժի ենթարկեցին 63-ամյա Ջեյմս Ռոբերթսոնին, որը խոստովանել էր, որ սպանել է իր խցակցին, որպեսզի իրեն դատապարտեն մահապատժի, հաղորդում է Associated Press-ը։
Մահապատիժը իրականացվել է սպանությունից գրեթե 18 տարի անց։ Ռոբերթսոնը հրաժարվել է մահացու ներարկումից առաջ վերջին խոսքն ասել և մոտ տասը րոպե անց հայտարարվել է մահացած։
Այս մահապատիժը Ֆլորիդայում առաջինն էր այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ Թենեսիում ձախողվել էր Քրիստա Փայքի նկատմամբ մահապատժի իրականացնելու փորձը։ Փայքը վերապրել էր պենտոբարբիտալի երկու չափաբաժին և դրանից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։
ԱՄՆ-ում մահապատժի կիրառման նկատմամբ աճող ուշադրության ֆոնին Ֆլորիդայի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտի ներկայացուցիչ Ջորդան Քիրքլենդը մահապատժից առաջ հայտարարել է, որ նահանգը կիրառում է մահացու ներարկման փորձարկված արձանագրություն և մտադիր է ապահովել «մարդկային և արժանապատիվ» ընթացակարգ։
Ֆլորիդայում դատապարտյալներին ներարկում են երեք դեղամիջոց՝ հանգստացնող միջոց, կաթվածահարող դեղամիջոց և սիրտը կանգնեցնող նյութ։
Ռոբերթսոնն իրեն մեղավոր է ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ։ 2008 թվականին նա խեղդամահ էր արել քնած խցակից Ֆրենկ Հարթին։ Քննիչներին նա բացատրել էր, որ հանցագործությունը կատարել է, քանի որ չէր ցանկանում կյանքի մնացած մասը անցկացնել բանտում, և հրաժարվել էր հետագա բողոքարկումներից։
Հարթը պետք է ազատ արձակվեր սպանությունից ընդամենը ութ օր անց։ Նրա դուստրը՝ Ռեբեկա Հարթը, Ֆլորիդա նահանգի բանտի մոտ լրագրողների հետ խոսելիս ընդգծել է, որ իր հայրը չպետք է մնա միայն հանցագործի պատմության մի մասը։ Նա պատմել է ընտանիքի ցավի մասին, որը ստիպված է վերապրել հարազատի բռնի մահվան հետևանքները։
Ռոբերթսոնը բանտ էր ընկել 1980 թվականին, երբ 17 տարեկան էր, գողության՝ ներխուժմամբ և հարձակման համար։
Փախուստների, հարձակումների և կալանքի ընթացքում զենք պահելու համար հետագա դատավճիռները երկարացրել էին նրա պատժաժամկետը։ Հարթը բանտ էր ընկել 2003 թվականին՝ սեռական բռնության համար դատապարտվելուց հետո։
Սկզբում Ֆլորիդայում երեքշաբթի օրվա համար նախատեսել էին երկու մահապատիժ, սակայն հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսն անցած շաբաթ հետ էր կանչել 74-ամյա Ուիլյամ Լի Թոմփսոնի նկատմամբ մահապատժի հրամանը։ Պատճառը նա չէր բացատրել։
Անցյալ ամիս դատավճռի իրականացումը ժամանակավորապես կասեցվել էր՝ հոգեբուժական փորձաքննություն անցկացնելու համար։
Թոմփսոնի փաստաբանները պնդում են, որ նա դեմենցիա և առողջական լուրջ խնդիրներ ունի, և ձգտում են նրան տեղափոխել բժշկական հաստատություն։
Թոմփսոնը դատապարտվել էր առաջին աստիճանի սպանության, մարդու առևանգման և սեռական բռնության համար՝ 1976 թվականին 23-ամյա Սալի Այվեսթերի մահվան գործով։ Նա շարունակում է մնալ մահապատժի դատապարտյալների խցում, և ապագայում նահանգապետը կարող է նոր հրաման ստորագրել։
2025 թվականին Դեսանտիսի կառավարման օրոք Ֆլորիդայում մահապատժի ենթարկվել է 19 մարդ՝ ավելի շատ, քան նահանգի որևէ այլ նահանգապետի օրոք մեկ տարվա ընթացքում 1976 թվականին մահապատժի վերականգնումից հետո։ Ռոբերթսոնը դարձել է 2026 թվականին Ֆլորիդայում մահապատժի ենթարկված 17-րդ դատապարտյալը։ Արդեն նշանակվել է ևս երկու մահապատիժ՝ Ուիլյամ Ռիվզինը՝ հոկտեմբերի 20-ին, Ջեսսի Գուարդադոյինը՝ նոյեմբերի 5-ին։
2025 թվականին ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 47 մարդ։ Ընթացիկ տարում Ֆլորիդային բաժին է ընկնում հրապարակման պահին երկրում իրականացված 31 մահապատժից ավելի քան կեսը։
Հուլիսին նահանգը գրեթե տասը տարվա մեջ առաջին անգամ մեկ օրում երկու մահապատժի դատավճիռ էր իրականացրել։





























