Հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվել է «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը, որը Impact Team 2050 միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմ»-ը։
Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նվիրված էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին, էներգետիկ անվտանգության ու կայուն զարգացման ապահովման գործում դրա դերին, ինչպես նաև ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներին։
Միջոցառման առանցքային մասը փորձագետների ելույթներն էին։ Ճարտարագետ-էներգետիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը հանդես է եկել «Ատոմային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում» դասախոսությամբ։ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և հումանիտար գիտություններ» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Խիզանցյանցը ներկայացրել է «Ատոմային էներգետիկան որպես անածխածին ապագայի հիմք. ինչու է անհնար հասնել կլիմայական չեզոքության առանց ԱԷԿ-ի» թեմայով դասախոսությունը։ Ատոմային էներգետիկայի ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետ, Հայկական ատոմային էլեկտրակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը մասնակիցներին պատմել է ՀԱԷԿ-ի պատմության և գործունեության մասին։ Նրա ելույթը վերաբերում էր Մեծամորի ԱԷԿ-ի զարգացման հիմնական փուլերին, շահագործման առանձնահատկություններին և Հայաստանի էներգահամակարգում կայանի ունեցած դերին։
Փորձագիտական քննարկումներից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել ամրապնդելու ստացած գիտելիքները Kahoot ինտերակտիվ ձևաչափով։ Ծրագրի առանձին բաժինը նվիրված էր միջազգային կրթական ու ոլորտային նախագծերին երիտասարդության մասնակցությանը։ Երիտասարդ ակտիվիստները կիսվել են «Ռոսատոմ»-ի նախաձեռնություններին մասնակցելու իրենց փորձով և պատմել այն հնարավորությունների մասին, որոնք նման նախագծերը բացում են մասնագիտական աճի ու միջազգային համագործակցության համար։
Impact Team 2050-ի աշխատանքը ներկայացրել է Միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի մենթոր Գագիկ Հարությունյանը։ Խորհուրդը միավորում է տարբեր երկրների ու աշխարհամասերի 13 ներկայացուցչի և զբաղվում է երիտասարդությանը ատոմային օրակարգում ներգրավելով, ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների մասին գիտելիքների տարածմամբ ու մասնագետների նոր սերնդի պատրաստման հարցերի քննարկմամբ։
«Հայաստանն ատոմային էլեկտրակայանի շահագործման բազմամյա փորձ ունի, և դա մեր երկրի էներգետիկ ոլորտի կարևոր մասն է։ Այսօր աշխարհում ընդամենը 31 երկիր է ատոմակայան շահագործում, և Հայաստանը դրանցից մեկն է։ Կարևոր է, որ նոր սերունդը հասկանա միջուկային էներգետիկայի արժեքն ու դերը էներգետիկ անվտանգության, անկախության և կայուն զարգացման ապահովման գործում։ «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական երկխոսությունը ցույց տվեց, որ նոր սերունդը պատրաստ է իր նպաստը բերել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը», — նշել է Գագիկ Հարությունյանը։
«Ատոմ՝ ապագայի էներգիա» երկխոսությունը հարթակ է դարձել երիտասարդների, փորձագիտական ու ակադեմիական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման, ինչպես նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման արդիական հարցերի քննարկման համար։
Kahoot-ը իրական ժամանակում անցկացվող խաղային ինտերակտիվ վիկտորինայի կամ թեստի ձևաչափ է, որտեղ մասնակիցները հարցերին պատասխանում են սմարթֆոնների, պլանշետների կամ համակարգիչների միջոցով։





























