Սթրիմինգային ծառայություն Netflix-ը կկրճատի շուրջ հազար աշխատակից՝ ամբողջ անձնակազմի մոտ 6%-ը։ Դրա մասին ընկերությունը չորեքշաբթի հայտնել է աշխատակիցներին ուղղված ներքին նամակում, որին ծանոթացել է NBC News հեռուստաալիքը։ Տեղեկությունը հաստատել է նաև իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Մեր առաքելությունը՝ զվարճացնել ամբողջ աշխարհին, հավակնոտ է, և այն իրականացնելու համար մենք պետք է կարգապահ մոտենանք մարդկային և ֆինանսական ռեսուրսների բաշխմանը»,- աշխատակիցներին ուղղված դիմումում գրել են Netflix-ի համանախագահներ Գրեգ Փիթերսը և Թեդ Սարանդոսը։
Կրճատումների հիմնական մասը կանդրադառնա այն ստորաբաժանումներին, որոնք պատասխանատու են արտադրանքի մշակման, տեխնոլոգիաների, իրավական հարցերի և անձնակազմի կառավարման համար։ Միաժամանակ ղեկավարությունը հայտարարել է, որ ընկերությունը կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի ամենահեռանկարային ուղղություններում։
Չնայած այն հանգամանքին, որ Netflix-ը մնում է սթրիմինգային ծառայությունների շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը, ընկերությունը ձգտում է արագացնել օգտատերերի ներգրավվածության աճը։ ըստ վերջին եռամսյակային հաշվետվության՝ 2026 թվականի առաջին կիսամյակում դիտողները հարթակում դիտել են ավելի քան 97 միլիարդ ժամ բովանդակություն՝ 2%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
«Ընդհանուր առմամբ մենք չենք աճում այնքան արագ, որքան ես կցանկանայի, և աշխատում ենք այդ գործընթացն արագացնելու վրա»,- սեպտեմբերի վերջին Bloomberg-ի ամենամյա մեդիակոնֆերանսում հայտարարել է Սարանդոսը։
Լսարան ներգրավելու համար Netflix-ն ընդլայնում է առաջարկը. մասնավորապես՝ ավելացնում է սպորտային իրադարձությունների հեռարձակումներ և երրորդ կողմի ընկերություններից լիցենզավորված տեսափոդքաստներ, դրանց թվում՝ Բիլ Սիմոնսի The Ringer-ը։
Ընկերությունը երեքշաբթի պետք է հրապարակի երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները։
Netflix-ում կրճատումները տեղի են ունենում Հոլիվուդում ծախսերի լայնածավալ վերանայման ֆոնին։ The Walt Disney Co.-ն այս տարի արդեն ազատել է հարյուրավոր աշխատակիցների՝ նոր գլխավոր տնօրեն Ջոշ Դ’Ամարոյի նշանակվելուց հետո։ Իր հերթին, սպասվում է, որ Դեյվիդ Էլիսոնի Skydance-ը կկրճատի հաստիքները Paramount-ում և Warner Bros. Discovery-ում։





























