Իրանի իշխանությունները խոստացել են ուժեղացնել միջոցառումները Իլոն Մասկին պատկանող Starlink արբանյակային ինտերնետային ծառայության դեմ՝ այն որակելով որպես «պատերազմի գործիք», որն օգտագործվում է Իսլամական Հանրապետության դեմ լրտեսության և ռազմական գործողությունների իրականացման համար, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

Իրանի կիբերտարածության հարցերով բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Ամին Աղամիրին հայտարարել է, որ իշխանությունների տրամադրության տակ կան համակարգեր, որոնք ունակ են արգելափակել Starlink-ի հետ կապը:

«Սա գործիք է, որն օգտագործվում է հակառակորդի կողմից գործողությունների կառավարման ու համակարգման, ինչպես նաև լրտեսության և տեղեկատվության հավաքման նպատակով», - ընдգծել է նա:

Ինչպես հստակեցնում է հեռուստաալիքը, Starlink-ի տերմինալների օգտագործումը կամ համակարգի սարքավորումների տիրապետումն Իրանում կարող է հանգեցնել վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման, իսկ տերմինալների ներկրումը կամ տեղակայումը սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։

Այս տարի Իրանն արդեն երկու անգամ դիմել է ինտերնետի տևական անջատման։ Մասնավորապես, փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ պատերազմի մեկնարկից հետո ցանց մուտք գործելու հնարավորություն չի եղել 88 օր շարունակ։

Իրանի իշխանությունները նաև զգուշացրել են հակամարտության սրման դեպքում լրացուցիչ սահմանափակումների մտցման հնարավորության մասին՝ չնայած պետական գրաքննությունը շրջանցելու միջոց հանդիսացող արբանյակային կապից բնակչության աճող կախվածությանը, նշում է հեռուստաալիքը։