Եվրամիության երկրների ղեկավարները մտադիր են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ անել Դոնալդ Թրամփի հասցեին հնչող հրապարակային քննադատությունը մեղմելու համար, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Թրամփի հասցեին Զելենսկու գնալով ավելի կոշտ արտահայտությունները կարող են ավելի մեծ վնաս հասցնել Վաշինգտոնի և Կիևի առանց այն էլ լարված հարաբերություններին։

«Հնարավոր է՝ դա [ինչպես ասում է Զելենսկին] ճշմարտություն է, բայց ամեն ինչի մասին չէ, որ պետք է բարձրաձայնել»,- ասել է FT-ի զրուցակիցներից մեկը։

Financial Times-ին տված հարցազրույցում Զելենսկին քննադատել էր Ռուսաստանի հետ Թրամփի դիզելային գործարքը, դատապարտել ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցման դադարեցումը, ինչպես նաև հայտարարել, որ ամերիկյան նախագահը համակրում է ավտոկրատներին և շատ հարուստ մարդկանց․ «Նա [Թրամփը] բացահայտ ու բարձրաձայն հայտարարում է, որ սիրում է նման մարդկանց և հարգում է նրանց։ Չէ՞ որ, նրա կարծիքով, եթե մարդն ունակ է առաջնորդ մնալ 20, 30 կամ 40 տարի, նշանակում է՝ նա ահռելի ուժ ունի»։

Զելենսկին նշել էր, որ չնայած Ուկրաինան դադարել է հարվածներ հասցնել նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ), ինքը մնացել է առանց ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումների։ Զելենսկին նաև հերքել էր այն վարկածը, թե Starlink-ի հետ կապված խնդիրները առաջացել են որևէ անսարքության պատճառով․ «Դա տեխնիկական խնդիր չէր, դա որոշում էր»,- ասել էր նա։