Բունդեսթագը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ներկայացուցիչ Ադիս Ախմետովիչին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Հանովերում հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության ընդլայնման ֆոնին, հաղորդում է dpa-ն։
Հետաքննությունը կապված է Հանովերի մերձակայքում գտնվող Լերթե քաղաքում հիվանդանոցային համալիրի կառուցման տենդերի հետ։
Անձեռնմխելիությունը հանելուց հետո Հանովերի դատախազությունը խուզարկություններ է իրականացրել Ախմետովիչի պատգամավորական գրասենյակում և երեք բնակարանում։ 33-ամյա քաղաքական գործչին վերագրվում է տենդերների անցկացման ժամանակ հակամրցակցային համաձայնությանը հնարավոր օժանդակություն ցուցաբերելը։
Ախմետովիչի փաստաբան Հոլգեր Նիցը իրավապահ մարմինների գործողություններն անվանել է անօրինական և անհամաչափ։ Ըստ նրա՝ դատախազության մեղադրանքներն անհիմն են, իսկ պաշտպանության կողմը մտադիր է բողոքարկել խուզարկության հրամանագիրը։ Ինքը՝ Ախմետովիչը, որը գլխավորում է SPD-ի Հանովերի բաժանմունքը և Բունդեսթագում կուսակցությունը ներկայացնում է արտաքին քաղաքականության հարցերով, հերքում է իր մեղքը։
Հետաքննությունը լայն հրապարակայնություն է ստացել սեպտեմբերի 9-ին Հանովերի տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Շտեֆեն Կրախի մոտ իրականացված խուզարկություններից հետո՝ Բեռլինում անցկացված ընտրություններից մի քանի օր առաջ, որտեղ նա սոցիալ-դեմոկրատների գլխավոր թեկնածուն էր։ Քննությունը ստուգում է կասկածները, ըստ որոնց Կրախը տենդերների անցկացման ընթացքում ոչ իրավաչափ առավելություններ է ստացել։
Ավելի վաղ դատախազությունը միաժամանակ հաստատել էր Ստորին Սաքսոնիայի խորհրդարանում SPD խմբակցության ղեկավար Ստեֆան Պոլիցեի նկատմամբ հետաքննությունը։ Հետագայում նա հայտարարել էր կուսակցական ղեկավար պաշտոնից հեռանալու մասին։ Բոլոր երեք քաղաքական գործիչներն էլ հերքում են մեղադրանքները։





























