Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի)՝ օտար միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը հանդես է եկել երկրի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումների վերաբերյալ հայտարարությամբ, հայտնել են տեղական ԶԼՄ-ները։
Հայտարարության համաձայն՝ «միջազգային էներգետիկ անվտանգության մեջ ներդրումը, տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներում ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև ներքին քաղաքական և տնտեսական կայունությունը զգալիորեն մեծացրել են օտար սուբյեկտների կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների ծավալը»։
«Տարբեր ազատությունների պատրվակով թիրախ են դառնում մեր ժողովրդի բազմադարյա ազգային-հոգևոր և բազմամշակութային արժեքները, ինչպես նաև կրոնական համոզմունքները։ Միևնույն ժամանակ, ապակառուցողական գործունեության միջոցով մարդկանց հասարակությանը խորթ գաղափարախոսությունները մատուցվում են որպես ճիշտ ուղի՝ հասարակության մեջ ճշմարտության բուն հասկացությունը խարխլելու նպատակով։
Համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացված քննության ընթացքում պարզվել է, որ հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հասարակության մեջ բևեռացումն ուժեղացնելու և պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու նպատակ ունեցող ազդեցության գործողությունները, ինչպես նաև կիբեռհարձակումներն ու ահաբեկչական սադրանքները իրականացվում են ազդեցության գործակալների և գաղտնի կազմակերպությունների կողմից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Թվային տարածքում այս գործունեությանը ներգրավված են հաքերային խմբեր, օտարերկրյա ԶԼՄ-ներ, իրական և կեղծ օգտահաշիվներ, ինչպես նաև բոտեր», — ասվում է հայտարարության մեջ։
Հանձնաժողովում հայտարարել են, որ «բարեկամ և հարևան երկրների տարածքում գործող ուժերը թվային հարթակների միջոցով ապատեղեկատվություն են տարածում և փորձում են ադրբեջանական հասարակության մեջ ստեղծել էթնիկ, կրոնական և քաղաքական պառակտման գծեր»։
«Օտար միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի Միլի մեջլիսի ժամանակավոր հանձնաժողովը, համապատասխան կոմիտեներն ու Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև պետական մարմինները հաջողությամբ հակազդում են այս հիբրիդային հարձակումներին և ապագայում նման գործողությունները անպատասխան չեն թողնի», — ասվում է հայտարարության մեջ։




























