Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների ֆոնին՝ կապված Բաքվի և Իսրայելի հարաբերությունների, ինչպես նաև ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի հետ, Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կոչ է արել վիճահարույց հարցերը լուծել երկկողմ ձևաչափով։ Կուսակցության փոխնախագահ Քյուրշադ Զորլուն ընդգծել է, որ երկրները հարգում են միմյանց ինքնիշխանությունը, իսկ ծագող տարաձայնությունները մտադիր են քննարկել «ընտանեկան շրջանակում», փոխանցել է Haberler-ը։
Ուղղակիորեն չանդրադառնալով լարվածություն առաջացրած հարցերին՝ նա հայտարարել է. «Մեր պետությունների զարգացման մոտեցումներում կարող են լինել տարբերություններ»։
Ընդգծելով, որ երկու երկրներն էլ հարգում են միմյանց որոշումներն ու ինքնիշխան իրավունքները, նա հավելել է. «Մենք նաև գիտենք, թե ինչպես մեր խնդիրները քննարկել ընտանեկան շրջանակում՝ այնպես, ինչպես մեզ է վայել»։
Զորլուն կոչ է արել հետևել այս հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը, որը պետք է հնչեցնեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մեր նախագահի՝ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի սերը Ադրբեջանի նկատմամբ անկեղծ է, սրտից բխող։ Այն ենթադրում է ապագայում վճռական առաջընթաց և հարաբերությունների զարգացում»,— հայտարարել է Զորլուն։
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովի շրջանակում կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ։
Հիջաբների մասին որոշումն ու փոխադարձ հայտարարությունները
Երկու երկրների միջև լարվածության պատճառներից մեկը դարձել է որոշումը, որը տարածվում է Ադրբեջանի դպրոցների տարրական, միջին և ավագ դասարանների վրա։ Այն արգելում է «դպրոցական համազգեստի միատեսակությունը խախտող և աշխարհիկ կրթության սկզբունքին անհամատեղելի հագուստի լրացուցիչ տարրերը»։
Այս որոշման ընդունումից հետո Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հոկտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում հանդես է եկել քննադատությամբ։
«Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտուհիներին կրթությունից զրկելը անթույլատրելի է։ Մեր ժամանակներում չի կարելի թույլ տալ, որ նման հայացքներ գոյություն ունենան»,— գրել է նա։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ այժմ այս հարցի վերաբերյալ չի արտահայտվել։
Ադրբեջանի արձագանքը․ «Միջամտություն ներքին գործերին»
Ինչպես հայտնել է BBC-ի ադրբեջանական ծառայությունը, այս հայտարարություններից հետո Ադրբեջանի և Թուրքիայի միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբը թուրքական լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում հնչած քննադատության առնչությամբ հայտնել է «լուրջ մտահոգություն և ափսոսանք»։
ԱԶԿ ներկայացուցիչ Օմեր Չելիքը, որն այս իրադարձություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծել է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեմ բողոքող խմբերը որևէ առնչություն չունեն ոչ կուսակցության, ոչ էլ կառավարության հետ։




























