Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ իրավիճակն Ուկրաինայում «իսկապես ծանր է», իսկ Ռուսաստանը որևէ ազդակ չի տալիս, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը կամ համաձայնել հրադադարի։

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, այդ թվում՝ օգնենք նրան հաղթահարել ձմեռը, որը ծանր է լինելու։ Այդ պատճառով մենք պետք է օգնենք ուկրաինացիներին դիմանալ և պաշտպանել իրենց երկիրը», — հայտարարել է Կալասը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողով ժամանելուն պես։

Նրա խոսքով՝ այսօր Եվրամիության առաջնորդները կրկին կքննարկեն սառեցված ռուսական ակտիվների հարցը։

«Մենք պայմանավորվել ենք, որ չենք վերադարձնի սառեցված ակտիվները, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել փոխհատուցում Ուկրաինային», — ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Կալասը նաև հայտնել է, որ ԵՄ-ը փորձում է ամերիկացի գործընկերներին համոզել Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մեջ։

«Բայց, ինչպես տեսնում եք, այժմ մեր ամերիկացի դաշնակիցների հետ ամեն ինչ շատ բարդ է», — հավելել է նա։