Կենսաբազմազանության պահպանումն ու բնության պաշտպանությունը Տաջիկստանի քաղաքականության առանցքային առաջնահերթություններից են՝ ուղղված կայուն զարգացմանը և մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ժամանակ հայտնել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
«Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ մեր ազգային առաջնահերթությունները կայուն զարգացման նպատակներին համապատասխանեցնելու ուղղությամբ՝ միաժամանակ ամրապնդելով դրանց իրականացման համար անհրաժեշտ ներքին իրավական, նորմատիվ և ռազմավարական հիմքը։ Այսօր Տաջիկստանում ընդունվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող 25 օրենք, ինչպես նաև հաստատվել են մի շարք կարևորագույն ռազմավարական փաստաթղթեր, այդ թվում՝ Կենսաբազմազանության պահպանման և ռացիոնալ օգտագործման ազգային ռազմավարությունը։ Մինչև 2040 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված այս ռազմավարությունը թարմացվել է՝ հաշվի առնելով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի նպատակները։ Դրանում սահմանվել են հիմնական խնդիրներն ու առաջնահերթ ուղղությունները՝ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու համար, ելնելով մեր ազգային կարիքներից և հնարավորություններից։ Տաջիկստանը միացել է նաև բնապահպանական ուղղվածության 11 միջազգային կոնվենցիաների»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ դրանց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան։
Նա հիշեցրել է, որ Տաջիկստանի աշխարհագրական դիրքն ու բնական-կլիմայական պայմանների բազմազանությունը նպաստել են էկոհամակարգերի հարուստ բազմազանության ձևավորմանը։ Լեռները զբաղեցնում են մեր երկրի տարածքի 93 տոկոսը, ինչը մեր բնական միջավայրին հաղորդում է բացառիկ բնույթ և հատկապես կարևոր է դարձնում բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ ու անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանության խնդիրը։
«Այս համաժողովը թույլ կտա ուրվագծել ջրային ոլորտում բազմակողմ համագործակցության նոր ուղիներ։ Շրջակա միջավայրի պահպանության հարցերը, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանումը, համաժողովի շրջանակում ինտերակտիվ քննարկումներում կզբաղեցնեն կենտրոնական տեղ։ Մենք խորապես համոզված ենք, որ համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը նշանակալի ներդրում կունենա մեր մոլորակի կենսաբազմազանության պահպանմանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում։ Սառցադաշտերը, ձնածածկույթը և կրիոսֆերայի մյուս բաղադրիչները բնական համակարգերի անբաժանելի մասն են, որոնք պահպանում են մեր ջրային ռեսուրսներն ու էկոլոգիական հավասարակշռությունը։ Դրանց արագ կրճատումը գլոբալ կլիմայական փոփոխության ամենաակնառու դրսևորումներից է։ Տաջիկստանի համար, որը վերջին տասնամյակների ընթացքում կորցրել է ավելի քան 1 300 սառցադաշտ, սառցադաշտերի պահպանության և կրիոսֆերայի ուսումնասիրման հարցերն ունեն ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ նշանակություն։ Այս կորուստներն ընդգծում են գիտական գիտելիքների խորացման և համակարգված միջազգային միջոցառումների իրականացման հրատապ անհրաժեշտությունը։ Տաջիկստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2025 թվականը հռչակել է Սառցադաշտերի պահպանության միջազգային տարի»,- հավելել է Ռահմոնը։




























