Ֆլորիդայում 71-ամյա Սթիվեն Համիլթոնը ձկնորսության ժամանակ զոհվել է ալիգատորի հարձակման հետևանքով։ NBC News-ի հաղորդմամբ՝ տղամարդը ձուկ էր որսում Ուինթեր Գարդեն քաղաքի դոկտոր Բրեդֆորդի անվան զբոսայգում, որը գտնվում է Օռլանդոյից մոտ 24 կիլոմետր արևմուտք։
Ֆլորիդայի Ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովի (FWC) տվյալներով՝ Համիլթոնը ալիգատորի մահացու կծվածքներ է ստացել։ Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունները ականատեսներից հաղորդումներ են ստացել, որ սողունը, հնարավոր է, բռնել է տղամարդուն և քաշել ջրի տակ։ Տղամարդը տեղում մահացած է ճանաչվել։
Ուինթեր Գարդենի ոստիկանությունը հաստատել է ձկնորսի մահը։ FWC-ի մասնագետները բռնել և սպանել են մոտ 3,7 մ երկարությամբ ալիգատորին, որը, ենթադրաբար, հարձակվել էր տղամարդու վրա։
Հանձնաժողովում ընդգծել են, որ Ֆլորիդայում ալիգատորների հարձակումները, որոնք հանգեցնում են ծանր վնասվածքների, հազվադեպ են։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Մեյսոնը բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արել զգուշավոր լինել վայրի կենդանիների հանդիպելիս և հեռու մնալ դրանցից, նույնիսկ եթե դրանք հանգիստ են թվում։
«Միշտ հետևեք, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, և պահպանեք անվտանգության կանոնները։ Հարգեք տեղի վայրի բնությունը և մի մոտեցեք նրան», — լրագրողներին ասել է Մեյսոնը։ Նա նաև խնդրել է դեպքի ականատեսներին կապ հաստատել իրավապահ մարմինների հետ։
Հունիսին մոտակայքում գտնվող Լիթլ-Բիգ-Իկոն պետական անտառում զոհվել էր 31-ամյա մի կին․ ալիգատորը կծել-պոկել էր նրա մեկ ձեռքը և ծանր վնասել մյուսը։





























