Ստոկհոլմում մարզական կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մոտ 25-ամյա մի կին ծանր վիրավորվել է։
Շաբաթ երեկոյան նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է շվեդական TT գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ հոկտեմբերի 16-ին։ Շաբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է երկու դեռահասի։ Քննությունն իրականացվում է սպանության հոդվածով։
Հանցագործության հանգամանքները դեռևս մնում են անհասկանալի։ Դատախազության տվյալներով, կինն աշխատում էր երիտասարդների հետ։ Քննությունը նրա և երկու ձերբակալված երիտասարդների միջև կապ չի հաստատել, հանրային հեռարձակող SVT-ին հայտնել է դատախազ Լուկաս Տիգերշտրանդը։
Հրաձգության պահին մարզական կենտրոնում մի քանի միջոցառում էր անցկացվում, այդ թվում՝ ֆլորբոլի և ֆուտբոլի խաղեր։ Սակայն հարձակումը տեղի չի ունեցել այն դահլիճներում, որտեղ խաղում էին թիմերը։
Շենքում բազմաթիվ երեխաներ և դեռահասներ են գտնվել։ Նրանց համար կազմակերպվել է հոգեբանական օգնություն։





























