Իրանի պաշտպանության նոր նախարար Մեհրդադ Ախլաղի Քետաբչին հայտարարել է, որ երկրի պաշտպանական հնարավորությունների արդիականացումը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո հակառակորդներին ստիպել է կասկածի տակ դնել հակամարտության շարունակման նպատակահարմարությունը։ Այդ մասին նա հայտնել է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, Իրանի խորհրդարանի բաց նիստում հանդես գալով, տեղեկացնում է Mehr-ը։
«12-օրյա պատերազմից հետո, որը ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը համատեղ սանձազերծեցին Իրանի դեմ, մեր պաշտպանական հնարավորությունները կատարելագործվել են այնպես, որ փոխել են հակառակորդի գնահատականներն ու հաշվարկները և նրա մոտ լուրջ կասկածներ են առաջացրել պատերազմի շարունակման վերաբերյալ», — հայտարարել է նախարարը։
Քետաբչին նշել է, որ Իրանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ հակազդելու ամերիկյան գերհզոր ռումբին, որը հայտնի է որպես «Բոլոր ռումբերի մայրը», և վստահ է հնարավոր սպառնալիքներին իր պատրաստվածության մեջ։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի հակառակորդները հայտնվել են ռազմավարական փակուղում՝ սպառնալիքների բնույթի, ռազմական ուժի կիրառման սկզբունքների, տեխնոլոգիական միջավայրի և տարածաշրջանային կարգի փոփոխությունների պատճառով։
Նախարարն ընդգծել է, որ ժամանակակից հակամարտությունները ձեռք են բերում հիբրիդային բնույթ և ներառում են ոչ միայն ռազմական գործողություններ, այլև տնտեսական պատժամիջոցներ, կիբեռհարձակումներ, մատակարարման շղթաների խափանումներ, տեղեկատվական դիմակայություն և տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումներ։ Ըստ նրա, նման սպառնալիքներին հակազդելը պահանջում է համակողմանի պատրաստություն և փոփոխվող ռազմավարական իրավիճակի ըմբռնում։
Քետաբչին նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի հասցեին հնչեցված սպառնալիքների համատեքստում «Բոլոր ռումբերի մայրը» արտահայտությունն օգտագործելու համար։ Նա զգուշացրել է, որ այդ սպառնալիքների իրականացման դեպքում ամերիկյան կողմը կբախվի ծանր հետևանքների։
«Եթե նա ռումբը նետի, պետք է մտածի, թե իր քանի զինծառայողների պիտի տանեն դիապարկերով», — հայտարարել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ կիրակի օրը Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել Քետաբչիի նշանակմանը պաշտպանության նախարարի և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարարի պաշտոնում։ Նա փոխարինել է գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեին, որը փետրվարի 28-ին զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով։




























