Հունգարիան և Սլովակիան Եվրամիությանը կոչ են արել իրենց ավելի մեծ ճկունություն տրամադրել ռուսական գազից հրաժարվելու հարցում և ավելացնել էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման ֆինանսավորումը։

Ըստ ԵՄ ծրագրի՝ ռուսական էներգակիրների ներմուծումը պետք է դադարեցվի 2027 թվականին, սակայն Կենտրոնական Եվրոպայի երկրները մտահոգված են ծախսերի աճով և իրենց արդյունաբերության մրցունակության վատթարացմամբ։

Երկուշաբթի Սլովակիան հայտարարեց, որ նախկինում կարևոր տարանցիկ հանգույցի դեր էր խաղում ռուսական նավթի և գազի համար, սակայն այժմ Հունգարիայի հետ միասին վտանգում է հայտնվել մատակարարման շղթայի վերջում։

«Մենք կցանկանայինք Եվրահանձնաժողովի հետ քննարկել, թե ինչպես ԵՄ հաջորդ բյուջետային ժամանակահատվածում և հասանելի եվրոպական միջոցների հաշվին կարելի է նկատի ունենալ մեր կարիքները, հատկապես Վիշեգրադի քառյակի տարածաշրջանում նավթագազային ենթակառուցվածքի ընդլայնման մասով»,- Բրատիսլավայում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովան, որին մասնակցում էր նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը, հաղորդում է Euronews-ը։

Կենտրոնական Եվրոպայի երկրների նախարարները պնդում են, որ նոր էներգետիկ նախագծերի համար ԵՄ միջոցների բաշխման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատուկ դրությունը։ Ենթակառուցվածքների ֆինանսավորումը միաժամանակ դեռևս վիճահարույց հարցերից մեկն է Եվրամիության հաջորդ բյուջեի պատրաստման ընթացքում։

Կոչը հաջորդեց Վիշեգրադի խմբի՝ Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի և Լեհաստանի՝ հոկտեմբերի 15–16-ի գագաթնաժողովում ԵՄ ղեկավարությանը ուղղված դիմումին։ Երկրները պահանջել են վերանայել էլեկտրաէներգիայի հաշիվների նվազեցման միջոցները, ավելի մեծ ճկունություն ցուցաբերել եվրոպական արտանետումների առևտրի համակարգի (ETS) բարեփոխման քննարկման ժամանակ և մինչև 2030 թվականը հետաձգել դրա երկրորդ փուլի՝ ETS2-ի մեկնարկը։

Յորգենսենն ընդունել է, որ Կենտրոնական Եվրոպայի բնակիչները լուրջ դժվարությունների են բախվում, և կրկին հանդես է եկել «թիրախային և ժամանակավոր միջոցների» օգտին, որոնք չէին խաթարի ներմուծվող հանածո վառելիքից կախվածության կրճատման ԵՄ նպատակը։

«Ավելի վաղ մենք կախված էինք Ռուսաստանից։ Այժմ հրաժարվում ենք այդ կախվածությունից, և դա լավ է։ Բայց ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ հիմա կախված ենք համաշխարհային շուկայից, իսկ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել Բրատիսլավայի բնակիչների վրա»,- նշել է եվրահանձնակատարը։

ԵՄ այս չորս երկրներն ավանդաբար ավելի մեծ չափով կախված են հանածո վառելիքից։ Նրանց կարծիքով՝ էներգիայի բարձր գները խանգարում են արդյունաբերական ձեռնարկություններին միջոցներ ներդնել արտադրության էլեկտրիֆիկացման մեջ։ Էներգակիրների արժեքն աճել է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին։

Ember վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Կենտրոնական Եվրոպայում էլեկտրաէներգիայի մեծածախ ֆյուչերսները ճգնաժամից առաջ եղած մակարդակը գերազանցում են ավելի քան 60%-ով, ինչը զգալիորեն մեծացնում է սպառողների ֆինանսական բեռը։

Ռուսական էներգառեսուրսներից հրաժարումը տնտեսական մտահոգություններ է առաջացնում առաջին հերթին Բրատիսլավայում և Բուդապեշտում։ Երկու մայրաքաղաքներն էլ պնդում են, որ մատակարարումների դիվերսիֆիկացման վերաբերյալ ԵՄ պահանջները կատարելու հարցում բախվում են առանձնահատուկ դժվարությունների և ձգտում են ֆինանսավորում ստանալ տարածաշրջանային նավթագազային ենթակառուցվածքի ընդլայնման համար։

Վիշեգրադի խմբի երկրներն ունեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և մատակարարման երթուղիներ, որոնք կապված չեն Ռուսաստանի հետ, սակայն այս տարբերակների օգտագործումն ավելի թանկ է արժենում։ Չորս երկրների միջև այլընտրանքային երթուղիների ինտեգրման աստիճանը տարբեր է։

«2027 թվականից մենք չենք կարողանա գազ ներմուծել Ռուսաստանից և ցանկանում ենք կնքել նոր պայմանագրեր մատակարարումների դիվերսիֆիկացման համար։ Էներգետիկ անվտանգությունը պահանջում է նախապես պատրաստված նավթի և գազի մատակարարման կանոններ Վիշեգրադի քառյակի տարածաշրջանի համար»,- հավելել է Սակովան։