«Սև ուրբաթ»՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի գլխին. մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա. գողը կամ գողերը թողել են տելեգրամյան ալիքի հղում
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։ Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի հետևանքով մի քանի ժամվա ընթացքում թալանվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, գրում է Shamshyan.com—ը։
Այդ օրը՝ ժամը 07։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Հ.-ն և հայտնել, որ Սարյան փողոցի իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և փորձել են գողանալ նույն բակի բնակիչ 23-ամյա Նազար Խ.-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Նույնն օրը ժամը 08:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Արամի փողոցի բնակիչ 45-ամյա Վահե Մ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։
Արդեն ժամը 10:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Արմեն Հ.-ն և հայտնել, որ Կողբացի փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները, և իր հարևաններին պատկանող «Kia», «Hyundai», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։
Ժամը 11:20-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում գիշերը գողացել են Պապ թագավոր փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Ժամը 11:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կողբացի փողոցի բնակիչ 40-ամյա Միքայել Ն.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 34-ամյա Արեգ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գիշերը գողացել են Կողբացի փողոցում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Զաքյան փողոցի բնակիչ 36-ամյա Դավիթ Մ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք նշված շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Ժամը 11:10-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 68-ամյա Ռուբեն Վ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են Պուշկինի 3 հասցեի բակում կայանված՝ իրեն պատկանող «Geely» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։
Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 35-ամյա Սարգիս Ս.-ն և հայտնել, որ Նալբանդյան 50 հասցեի բակում կայանված իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 44-ամյա Անդրանիկ Ի.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պապ թագավոր փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։
Ժամը 14:30-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Ալեքսանդր Ա.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պուշկինի 3 շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։
Ժամը 18:50-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Ս․-ն և հայտնել, որ գիշերը Սայաթ-Նովա պողոտայի իրենց շենքի բակից գողացել են կայանված՝ իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։
Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ թալանված բոլոր ավտոմեքենաների վրա գողը կամ գողերը թողել են տելեգրամյան ալիքի հղում, որպեսզի ավտոմեքենաների սեփականատերերն իրենց հետ կապ հաստատեն ու գնան գործարքի՝ մի տեղ թողնելով գումարը, իրենք էլ վերադարձնեն գողոնը։





























