Թուրքական DASAL Havacılık Teknolojileri ընկերությունը ցուցադրել է ինքնավար մարտական անօդաչու սարքեր, որոնք կարող են գործել խմբերով, հայտնաբերել սպառնալիքները և հետախուզությունից անցնել հարվածի, հայտնել է Anadolu-ն։
Ցուցադրությունը տեղի է ունեցել Թուրքիայի ցամաքային զորքերի կազմակերպած ռազմական անօդաչու սարքերի թիմերի առաջին BIMDTC-2026 միջազգային մրցույթում։
Altınay Savunma Teknolojileri պաշտպանական խմբի կազմում ընդգրկված ընկերությունը ներկայացրել է անօդաչու համակարգերի կիրառման չորս սցենար։ Բացի այդ, այն մրցույթին մասնակցած ութ թիմերի տրամադրել է հինգ դյույմանոց պտուտակներով MİKON FPV-դրոններ։
Սցենարներից մեկում հինգ անօդաչու սարք ցուցադրել է «Հրեշտակ» ռեժիմը․ սարքերը ինքնավար կերպով շրջանաձև դասավորվել են ստորաբաժանման հրամանատարի շուրջ՝ ապահովելով 360 աստիճանի շրջանային տեսանելիություն։ Համակարգը նախատեսված է զինծառայողների պահպանության, իրավիճակի անընդհատ վերահսկման և հնարավոր սպառնալիքների վաղ հայտնաբերման համար։
Մեկ այլ սցենարում երեք դրոն համակարգված արձագանքել է հայտնաբերված սպառնալիքներին՝ ապահովելով տակտիկական ծածկույթ և խոցող հարձակումներ կատարելով թիրախների վրա։ Ընկերության տվյալներով՝ ցուցադրությունը հաստատել է, որ անօդաչու սարքերը կարող են ինքնավար կերպով անցնել հետախուզությունից և դիտարկումից հարձակման։
DASAL-ը նաև ցույց է տվել փոքր դրոնների գործողության շառավիղը մեծացնելու հայեցակարգը՝ ավելի խոշոր անօդաչու հարթակների օգնությամբ։ MİKON սարքը ինտեգրվել է FALCON C15 միջին չափի ուղղաթիռային տիպի անօդաչու սարքին։ Կրողից արձակվելուց հետո MİKON-ը միացրել է իր սեփական շարժիչային համակարգը և շարունակել թռիչքը ինքնավար ռեժիմով։
Մեկ այլ մշակում է «Մեղվի փեթակ» համակարգը՝ քողարկված համալիր, որը նախատեսված է ռազմական բազաներում և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում դրոնների պահպանման և արագ արձակման համար։
Արտաքուստ այն հիշեցնում է սովորական մոնոլիտ պահակակետ։ Հրամանը ստանալուց հետո տանիքը բացվում է, անօդաչու սարքերը հերթականությամբ թռչում են հատուկ մեխանիզմի օգնությամբ։



























