«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն վաղը՝ դեկտեմբերի 17-ին կրկին աճուրդի է հանվելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը:

Վերջինս նշեց նաեւ, որ «Բջնի»-ն գնահատվել է 5 մլրդ 184 մլն դրամ արժեքով: Ի դեպ, ըստ Չիտչյանի՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 16-ին լրանում է գործարանը գնելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը, եւ համապատասխան հայտ լինելու դեպքում է միայն գործարանը դրվելու աճուրդի:

Հիշեցնենք, որ «Բջնի հանքային ջրերի գործարանը» պատկանում էր գործարար Խաչատուր Սուքիասյանին, բայց երբ վերջինս հայտնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր որոշման մասին, նրա ձեռնարկությունների դեմ հետապնդումներ սկսվեցին, իսկ «Բջնին» վերցրին գործարարի ձեռքից: Ընկերությունեը մեկ անգամ, մոտ 4 մլրդ դրամով վաճառվել էր գործարար Ռուբեն Հայրապետյանին, բայց նա հրաժարվեց գործարանից, որի նկատմամբ սնանկության գործընթաց էր սկսվել:

Ի դեպ, Չիտչյանն անդրադարձավ նաեւ «ՍԻԼ-Կոնցեռնի» հայտարարությանը, թե իրենք որեւէ կապ չունեն շուկայում հայտնված «Բջնի» հանքային ջրերի հետ, որոնց վրա, թեեւ, գրված է կոնցեռնի անվանումը: «Դա օրենքի խախտում չէ: սա դեռ իրենց գործարանն է, ուղղակի սնանկության գործընթաց է սկսվել: Գործարանը, կոպիտ ասած չի մեռել, ուղղակի աշխատում է հսկողության տակ»,- պարզաբանեց Չիտչյանը: