Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթով։
Ուղերձում ասվում է․
«Հարգելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Ձեր աշխատանքն ամեն օր ապացուցում է, որ սոցիալական պաշտպանությունը նախևառաջ մարդու կողքին լինելու, նրա խնդիրները հասկանալու և դժվարությունների հաղթահարման ճանապարհին աջակցելու առաքելություն է։
Ձեր մասնագիտական աշխատանքի արժեքն արտահայտվում է մարդկանց կյանքում տեղի ունեցող դրական փոփոխություններով՝ պաշտպանված իրավունքներով, վերականգնված վստահությամբ և ինքնիրացման նոր հնարավորություններով։
Սոցիալական աշխատանքի զարգացումը մեր երկրի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Հզոր և արդյունավետ համակարգերի ստեղծումը միտված է կանխարգելելու սոցիալական ռիսկերը, ժամանակին արձագանքելու քաղաքացիների կարիքներին և ապահովելու առավել մարդակենտրոն, հասցեական ու որակյալ ծառայություններ։
Այս տեսլականին հասնելու համար հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աշխատանքի համակարգի կատարելագործման ուղղությամբ։
Մեր առաջնահերթություններն են մասնագետների գիտելիքների և կարողությունների զարգացումը, կրթության ու վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը, աշխատանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը և սոցիալական աշխատողի մասնագիտական դերի բարձրացումը։
Մեր նպատակն է նաև ստեղծել անհրաժեշտ հիմքեր, որպեսզի տրամադրվող աջակցությունը չսահմանափակվի միայն առկա խնդիրների լուծմամբ, այլ դառնա հնարավորություն` մարդու ինքնուրույնության, ներուժի իրացման և երկարաժամկետ բարեկեցության համար։
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհակալություն ձեր նվիրվածության, պատասխանատվության և կատարած աշխատանքի համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»։





























