Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումների մեջ՝ դա հիմնավորելով գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված եւ կարգավորման ենթակա միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ բովանդակային փոփոխություններ են կատարվել գնումների համակարգը կանոնավորող կարգերի մեջ, մի շարք դրույթներ շարադրվել են նոր խմբագրությամբ:

«Ցավոք, Վերահսկիչ պալատը մեզ ներկայացնում է տվյալներ, որոնք լուրջ խնդիրներ են մատնանշում այստեղ: Մասնավորապես, մենք գնումների եղանակով ձեռք ենք բերում ապրանքներ եւ ծառայություններ, որոնք ավելի թանկ են, քան մեծածախ շուկայում առաջարկվող ապրանքների գները, ինչը խայտառակություն է: Ուղղակի, այդպիսի բան պետք է չլինի, եւ եթե նախարարները այս խնդիրը վերցնեն իրենց անմիջական վերահսկողության տակ, ես համոզված եմ, որ այսպիսի երեւույթներ այլեւս տեղ չեն գտնի մեր պրակտիկայում»,- նշել է վարչապետն ու հավելել. «Մենք հստակեցնում ենք բոլոր գործընթացները, եւ բոլոր այն մտահոգությունները, որ ունեին մեր նախարարները, այս նախագծում հաշվի են առնվել: Այսինքն, այսուհետեւ լիակատար հնարավորություն է տրվում նախարարություններին՝ վերահսկել այս գործընթացները»: