Հայաստանի հանրապետության քաղաքացի, մասնագիտությամբ իրավաբան 37-ամյա Հովիկ Լեւոնի Բաբայանը վերջին մի քանի ամսվա ընթացքում ներկայանալով որպես տարբեր ատյանի դատարանների դատավոր, ինչպես նաեւ որպես դատապաշտպան գումարներ է շորթել ՀՀ քաղաքացիներից:
ԴԱՀԿ մամուլի քարտուղարի փախանցմամբ, նա քաղաքացիներին խոստացել է ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդում բավական մատչելի գներով կազմակերպել տարբեր գույքերի գնումները եւ դրա անվան տակ գումարներ շորթել:
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է խարդախությունների հեղինակին եւ հանձնել ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին, հարուցվել է քրեական գործ:
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել թեժ գիծ՝ 34-22-29 հեռախոսահամարով, կամ հայտնել իրավապահ մարմիններին:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է www.harkadir.ajurd.am կայքի միջոցով, որտեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառվում է:




























