Հուլիսի 15-16-ը Գերմանիայում տեղի ունեցող ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի երկօրյա բանակցություններին մասնակցելու նպատակով Բոնն էր մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն, համաձայն որի՝ երկու կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտակա երկու տարիների ընթացքում Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին մոտ 130 մլն եվրո վարկային և դրամաշնորհային գումարներ հատկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993թ. սկզբին` Հայաստանին տեխնիկական օժանդակության տեսքով, իսկ 1995թ-ից սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցություններից հետո այդ շրջանակն ընդլայնվել է` ներառելով «Կովկասյան նախաձեռնության» տարածաշրջանային ծրագրերը: Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում նաև առողջապահության և բնապահպանության ոլորտներում:



























