Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ Երեւանի պետական կրկեսը Ամանորի նախաշեմին՝ սեփական նախատոնական միջոցառումների կողքին, որպես այլընտրանք, իր հանդիսատեսին է ներկայացնում նաեւ ռուսական կրկեսի ամանորյա ներկայացումները, որոնք, որպես կանոն, միշտ ավելի հագեցած եւ հետաքրքիր են լինում։ Այս տարի, սակայն, ինչպես տեղեկացավ NEWS.am-ի թղթակիցը պետկրկեսի աշխատակցից, ռուսական կրկեսը Հայաստանում Նոր տարվա օրերին ելույթներ չի ունենա։ Երեւանի պետական կրկեսի ներկայացուցչի խոսքով, հայկական կողմը այս տարի Ռուսաստանից կրկեսային խմբեր չի հրավիրել՝ ելնելով տնտեսական ճգնաժամից։
Ամեն դեպքում, Երեւանի պետական կրկեսը դեկտեմբերի 25-ից 30-ը իր հանդիսատեսին կներկայացնի բացառությամբ հայ արտիստների մասնակցությամբ բեմադրված «տոնածառային հանդեսներ», որոնց տոմսերի արժեքը, կրկեսի աշխատակցի խոսքով, կտատանվի 1000-ից 2000 դրամի սահմաններում։ Ամանորյա ներկայացումները կվերսկսվեն հունվարի 3-ից եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը։ Հարցին, թե ֆինանսական ճգնաժամը որքանո՞վ է ազդել հանդիսատեսների քանակի եւ հաճախելիության վրա, եւ արդյո՞ք դրա հետեւանքով կիսադատարկ չի եղել կրկեսի դահլիճն ընթացիկ տարվա ընթացքում, աշխատակիցը պատասխանեց, որ «ճգնաժամն, անկասկած, ազդել է, եւ հանդիսատեսի պակասն էլ շատ է զգացվում, իսկ մինչ այդ մարդիկ նորմալ էին հաճախում կրկես»։NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ նաեւ, որ կրկեսը ջեռուցվում է։




























