Շուտով Նոր տարի է՝ երեխաների ամենասիրելի տոնը, իսկ դա նշանակում է, որ երեւանյան գրեթե բոլոր թատրոնները պատրաստվում են ամանորյա ներկայացումների եւ շուտով իրենց դռները կբացեն մանուկների առաջ։ Ամեն տարի Նոր տարվա գալուստով մայրաքաղաքի թատրոնները խաղացանկ են ներառում եւ իրենց փոքրիկ հանդիսատեսին առաջարկում են մեկ-երկու ամանորյա ներկայացումներ, որոնց նրանք սպասում են սրտի թրթիռով։
Չխախտելով Նոր տարվա գեղեցիկ ավանդույթը՝ այս տարի եւս Երեւանի բոլոր թատրոնները, առանց բացառության, բազմաթիվ «տոնածառային հանդեսներ» են առաջարկում երեխաներին։ Դրանց խաղացանկին, գնային քաղաքականությանը եւ մի շարք այլ հարցերի պատասխանն ստանալու նպատակով NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց մայրաքաղաքի թատրոններում։ Ամանորի նախաշեմին զրուցելով Երեւանում գործող գրեթե բոլոր թատրոնների ներկայացուցիչների հետ, նա պարզեց, որ Նոր տարվա ներկայացումները դրանցից մի քանիսում սկսվել են արդեն դեկտեմբերի 22-ից եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը։ Նոր տարվա տոնական հանդիսությունները բոլորից շուտ՝ դեռեւս դեկտեմբերի 18-ից, մեկնարկել են Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, օրինակ, դրանք սկսվել են դեկտեմբերի 22-ից, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկականում՝դեկտեմբերի 24-ից, իսկ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Նոր տարվա ներկայացումները կմեկնարկեն դեկտեմբերի 28-ից։ Ինչ վերաբերում է տոմսերի արժեքին, ապա դրանք տատանվում են 500-ից 700 դրամի սահմաններում, ինչը թատրոնների ներկայացուցիչների խոսքերով, թույլ կտա, որպեսզի Ամանորին թատրոնների դահլիճները լեփ-լեցուն լինեն մարդկանցով եւ իրենք հանդիսատեսի պակաս չունենան։
NEWS.am-ի թղթակիցը պարզեց նաեւ, որ վերոնշյալ բոլոր թատրոններն ապահովված են ջեռուցման համակարգերով եւ փոքրիկ հանդիսատեսը Ամանորին իրենց մոտ չի մրսի։




























