Տնտեսական տեսանկյունից 2009 թվականը բավականին դժվար տարի էր: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը:
Նրա խոսքով, այնուամենայնիվ իրենց հաջողվեց աշխատողների եւ ժողովրդի առջեւ պահել արժանապատվությունը: «Մենք գերակատարել ենք մեր պլանը, գրանցել լուրջ հաջողություններ»,-նշեց նա: Ինչ վերաբերում է «Գրանդի Քենդի» ընկերության գործունեությանը, ապա այն 2009 թվականին 15 տոկոսով ավելացրել է արտադրանքի առաքումը:
«Շատ են կոնֆետ գնել, թե ոչ, ես չեմ կարող ասել»,-միեւնույն ժամանակ նշեց նա: 2010 թվականին Վարդանյանը հույս ունի պահպանել նույն տեմպը, եթե իհարկե ստացվի ճիշտ աշխատել, եւ եթե Հայաստանում աշխատեն բոլոր օրենքները գոնե այնքան, որքան աշխատել են այս տարի:
Վարդանյանը շնորհավորեց բոլորի Նոր տարին եւ կոչ արեց ուտել «Գրանդ Քենդիի» կոնֆետները:



























