Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կայացել է Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տանը 29-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստը, որտեղ սպանության մեջ կասկածվողը հանգստյան տան գիշերապահակ, Ստեփանավանի 58-ամյա բնակիչ Արշավիր Դեմիրխանյանն է:
Մեղադրական եզրակացության համաձայն` նախորդ տարվա աշնանը Դեմիրխանյանը Ստեփանավանի հանգստյան տներից մեկի պահակակետում ալկոհոլային հարբածության վիճակում խանդի հողի վրա վիճաբանել է իր կնոջ` 29-ամյա Ինգա Շիշլոյի հետ եւ, նրա գլխի շրջանում մարմնական վնասվածքներ հասցնելով, սպանել նրան:
Դատարանում ամբաստանյալը հայտարարել է, որ ինքը միշտ էլ համատեղ կյանքի ընթացքում ծեծել է կնոջը, բայց սպանել չի ցանկացել: «Ծեծել եմ, որ սխալ բաներ եմ տեսել, ծեծել եմ»,-ասել է նա:
Վկաներից մեկը դատաքննական ցուցմունքով պարզվեց, որ երբ ինքը մտել է պահակակետ, հատակին արյան հետքեր է նկատել, վարագույրի հետեւում էլ նկատել է տուժողին` արյունոտված: «Շիշլոն հազիվ էր արձագանքում, վրան ուշք չկար, Դեմիրխանյանն էլ վախեցած էր, գույնը գցած, լարված, զրուցելիս, ասում էր` էս ինչ արեցի, ու լացում էր հոնգուր-հոնգուր»,-դատարանում պատմել է վկան` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ամբաստանյալը ալկոհոլային խմիչք ընդունած ժամանակ միշտ էլ աչքի է ընկել ոչ համարժեք վարքագծով:
Տուժողի հայրն էլ, թեեւ նախաքննության ընթացքում պահանջել էր աղջկա ամուսնուն պատժել օրենքի ողջ խստությամբ, այժմ դատարանում հայտարարել է, որ ամբաստանյալի դեմ բողոք չունի, դրա կարիքը ուղղակի չկա. «Ինչ կարիք կա հիմա բողոքելու, պահանջ չունեմ»:
Բոլոր վկաները միաբերան պնդել են, որ հաճախակի են տեսել Շիշլոյին կապտուկներով ու վնասվածքներով, հաղորդում է Aravot.am-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հանգստյան տան պահակակետում սպանություն է տեղի ունեցել, հանգստյան տան գիշերապահակ 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանը վիճաբանել էր 29-ամյա, ազգությամբ բելառուս Ինգա Շիշլոյի հետ: Վիճաբանության ընթացում գլխին ստացած ապակյա շշի հարվածներից, Շիշլոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:


























