ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Նոր Տարվա ցանկություններից երկուսն է առանձնացնում։ «Առաջինը ցանկանում եմ, որ կրտսեր որդիս ընդունվի մագիստրատուրա։ Նա ավարտում է Ֆրանսիական համալսարանը, եւ սպասում ենք, որ կհետեւի ավագ եղբոր օրինակին, եւ կկարողանա մագիստրատուրա ընդունվել»,- NEWS.am-ի թղթակցին Ամանորյա երկու գլխավոր երազանքների մասին խոսելով՝ ասաց նախարարը։
«Հաջորդ ցանկությունս մասնագիտական է։ Կուզեի, որ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը սկսվեր։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ, Ասիական զարգացման բանկն է պատրաստակամություն հայտնել ֆինանսավորելու տեխնիկատնտեսական հետազոտությունները»,- ասաց նախարարը՝ շարունակելով, որ ներդրողների եւ դոնոր կազմակերպությունների մեծ մասը սպասում են առաջին ներդրումներին, որպեսզի վստահ լինեն, որ այդ խոշոր տարածաշրջանայաին տրանսպորտային ծրագիրը սկսվում է, եւ հետո սկսեն ներդրումներ կատարել։ «Սա խոշոր ծրագիր է, որը կարելի է համեմատել Մետաքսի ճանապարհի հետ, պարզապես Մետաքսի ճանապարհի երկաթյա տարբերակն է, որը նոր հնարավություններ կբացի տարածաշրջանի եւ Եվրոպայի համար՝ Չինաստան եւ Հնդկաստան ապրանքաշրջանառության ավելացման առումով»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, թե հույս ունի, որ Նոր Տարում ծրագրի համար նոր հնարավորություններ կբացվեն։
Նախարարը նշեց, որ Ամանորյա տոներին Հայաստանից չի պատրաստվում մեկնել արտասահման։ «Ամանորը եւ Սուրբ Ծնունդը ընտանիքով նշելու ենք Հայաստանում, հնարավոր է մեկնենք Ծաղկաձոր կամ մի այլ հանգստի գոտի, բայց միանշանակ մնալու ենք Հայաստանում»,- եզրափակեց նախարարը։



























