«2009 թվականի տնտեսական տարին աչքի ընկավ կառավարության կողմից ներկայացված կանխատեսումների չիրականացմամբ, այդ թվում նաեւ այն պնդումը, թե միջազգային ճգնաժամի ազդեցությունը մեծ չի լինի Հայաստանում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, 2009 թվականի ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ մի փոքր ավելի սթափ դարձավ մեր հասարակությունը, այդ թվում նաեւ կառավարության կողմից ներկայացվող քաղաքականության վերաբերյալ եւ արդեն հասկանալի դարձավ, որ ամեն ինչ այդքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում են իշխանությունները:
«Ինչ վերաբերում է 2010 թվականի համար կանխատեսումներին, ես կդժվարանամ հստակ բան ասել: Միայն նշեմ, որ ճգնաժամի հաղթահարումը ավելի կհետաձգվի, քան կանխատեսում են Հայաստանի իշխանությունները: Այլ կերպ ասած՝ դա տեղի կունենա 2012 թվականի կեսերին կամ նույնիսկ ավարտին: Կարծում եմ, որ 2010 թվականին տնտեսական անկումը կշարունակվի»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ինչպիսի՞ն էր ՀՀ արտաքին քաղաքականությունը 2009 թվականին, եւ որոնք էին ձեռքբերումներն ու ձախողումները, Ա. Մինասյանն արձագանքեց միայն ձախողումների մասով, քանի որ 2009-ին ձեռքբերում արտաքին քաղաքականության մեջ նա չի տեսնում: «Ամենամեծ ձախողումը հայ-թուրքական հարաբերություններում զարգացումներն էին, որոնք հանգեցրեցին սեղանին դրված արձանագրություններին: Իշխանությունները փաստորեն շեղվել են հայտարարված արտաքին քաղաքականության ուղենիշներից եւ ներքին քաղաքականության ուղենիշներից եւս»,- ասաց նա ու հավելեց. «Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը լինի առաջին հերթին ներքին կյանքում՝ ազգաբնակչության կենսապայմանների բարելավման ուղղությամբ, իսկ արտաքին հարաբերություններում լինենք ավելի կշռադատված եւ ավելի ճիշտ հաշվարկներ կատարենք: Սա ըստ էության ցանկություն է, ոչ թե կանխատեսում, իսկ կանխատեսում անել դժվարանում եմ»:



























