Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է Գյումրիում իրականացվող շինարարական աշխատանքի որակից։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը դժգոհ է մնացել հատկապես կառուցվող Մուշ-2 թաղամասի բնակարանների ներքին հարդարման աշխատանքից։ Նա արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, եւ հանձնարարել է, որ առկա թերությունները շտկվեն։ Ըստ մամուլի ծառայության՝ շինարարները խոստացել են թերությունները շտկել մինչեւ հաջորդ տարվա մայիսի 15-ը։ Նախագահը պահանջել է, որ բնակարանները ապահովված լինեն ջեռուցման համակարգով եւ գազօջախներով։
Ըստ մամուլի ծառայության՝ Ս. Սարգսյանը հանձնարարել է, որ համապատասխան մարմինները նաեւ ուշադիր լինեն Մուշ-2 թաղամասի բարեկարգման վիճակին. թաղամասում պետք է դպրոց եւ մանկապարտեզ լինի, եւ այն պետք է տրանսպորտային միջոցներով կապված լինի Գյումրիի մյուս հատվածների հետ։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է աղետի գոտի, այցելել Սպիտակ քաղաք, որտեղ նույնպես ծանոթացել է իրականացվող շինարարությանը։ Ս. Սարգսյանը այցելել է նաեւ Շիրակամուտ համայնք, այնուհետեւ մեկնել Գյումրի՝ ծանոթանալու Մուշ-2 թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախագահի հրավիրած արտահերթ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ շինարարությունն իրականացնող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության ներկայացուցիչները։
Մուշ-2 թաղամասը սկսել է կառուցվել 2008 թվականին։ 1988 թվականին աղետալի երկրաշարժից անօթեւան մնացած գյումրեցիներին խոստացել էին, որ Մուշ-2 թաղամասում այս տարի 1054 բնակարաններ կհանձնվեն շահագործման։




























