Լոռիի մարզի Ձյունաշող համայնքը գնալով դատարկվում է, մարդիկ զրկված են ապրելու նվազագույն պայմաններից: Գյուղը քաղաքին կապող գլխավոր ճանապարհը գտնվում է քարուքանդ վիճակում, որտեղ մարդատար փոքր մեքենաները շատ հաճախ հրաժարվում են մտնել գյուղ: Ու եթե հանկարծ փլվի Մեծավանի ջրամբարի վթարային պատվարը, ապա ճանապարհն ամբողջությամբ կփակվի: Գյուղի սկզբից արդեն երեւում են քանդված տները, որոնց մի մասը տան տերերն են քանդել` շինանյութը վաճառել ու հեռացել գյուղից, մի մասն էլ թալանվել է:

176 բնակիչ ունեցող Ձյունաշող համայնքի ղեկավար Յանա Մամիկոնյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհեց պետական ուշադրությունից, հավելելով, որ ձյունաշողցիները ճանապարհներ են որոնում գյուղից հեռանալու համար «Մենք ունենք ճանապարհի խնդիր, տաքսիները չեն գալիս, գալուց էլ մեծ գումարներ են ուզում, ունենք ջրի խնդիր, դպրոցը գտնվում է խայտառակ վիճակում»,-ասաց նա, հավելելով, որ գյուղում չկա նաեւ տրանսպորտ, իսկ ձմռան ամիսներին գյուղը լրիվ կորցնում է կապը քաղաքի հետ:

«Շտապօգնությունը մինչեւ գալիս է, մարդիկ արդեն մահանում են, շատ հաճախ ոտքով են հիվանդները բժշկի գնում, ձմռանը գյուղի սնունդը չի հերիքում: Ամիսներով ճանապարհները փակ են, ամռանն էլ անձրեւներն ու կարկտահարություններն են իրենց գործն անում»,-ասաց գյուղապետը:

Նրա փոխանցմամբ, 43 աշակերտ ունեցող դպրոցը ձմռան ամիսներին գործում է մեկ դասարանում, քանի որ բոլոր դասարանները հնարավոր չէ ջեռուցել: Կիսախարխուլ շենքում է գործում նաեւ գյուղապետարանը, որը միայն շենքի վրա փակցրած Հայաստանի եռագույնով է հնարավոր հականալ, որ գյուղապետարանի շենքն է: Իսկ ներսում նախկին նախագահի ու ԱԺ պատգամավորների նկարներն են, իրենց նախընտրական պաստառներով:

Ձյունաշող համայնքում հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, սակայն գյուղացիները գնալով դադարում են անասնապահությամբ զբաղվել կաթի գնի ցածր լինելու պատճառով:

«Էսօր մեկ լիտր կաթը 100 դրամ է, մեր օգուտը միայն անասունի տակը մաքրելն է»,-դժգոհեցին գյուղացիները: Ձյունաշողի բնակիչների ցանկությունը մեկն է` հնարավորինս շուտ հեռանալ գյուղից, քանի որ ապրելը համայնքում շատ դժվար է, իսկ պետական ուշադրությունը` թույլ: Գյուղացիները կատակում են, որ կգա մի ժամանակ, երբ գյուղում միայն հյուր եկած արագիլները կմնան, որոնց համար թերեւս գյուղը հարմար վայր է:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյան