ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգչային լսարան եւ Wi-Fi հանգույցներ է ստեղծել Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն հանձնված` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ, կենտրոնում բացված համակարգչային սենյակում այժմ տասը համակարգիչ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով:
«Home-Zone Turbo» փաթեթով գործող եւս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Գիտակրթական միջազգային կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: Կենտրոնի խնդրանքով ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաեւ մեկ ինտերակտիվ գրատախտակ` իր լուսարձակով:
Ըստ հաղորդագրության՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում:
«Մեր ցանկությունն է Հայաստանի բուհերը տեսնել աշխարհի համալսարանների հետ հավասար քայլելիս: Արտասահմանում Wi-Fi-ը համարվում է ինտերնետ կապի առաջնային միջոց: Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները տեխնոլոգիաների հետ համատեղելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Wi-Fi անկյունների ստեղծման շնորհիվ բուհերի ֆակուլտետների միջեւ եւ արտաքին աշխարհի հետ հնարավոր է դառնում ապահովել անխափան եւ արագ կապ: Անկյունները թույլ կտան տարատեսակ անլար միացմամբ սարքեր օգտագործողներին օգտվել ցանցի ընձեռած լայն հնարավորություններից:



























