Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը:

Հանդիպումից դուրս գալուց հետո Ռ. Հայրապետյանը Panorama.am-ի թղթակցին հայտնել է, որ քիչ անց ինքը հանդես կգա հայտարարությամբ եւ շտապ հեռացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել է:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հունիսի 30-ին մոմավառություն էր տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի, իսկ դրանից հետո ամեն օր բողոքի ակցիաներ են ընթանում Երեւանում եւ Սփյուռքի մի շարք համայնքներում: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են խստորեն պատժել մեղավորներին եւ մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին: