«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն եւ կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը` 1988 թ. ավերիչ երկրաշարժից ի վեր հայ ժողովրդի կողքին լինելու եւ աջակցելու համար:
«Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունը 2005 թվականից Հայաստանում իրականացնում է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր, մասնավորապես` տուբերկուլոզի դեղորայքակայուն ձեւերի բուժման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, կազմակերպությունն իրականացնում է կալանավայրերում գտնվող դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժում: Կազմակերպությունն օժանդակում է Տուբերկուլոզի ազգային գրասենյակին` Երեւանից դուրս` Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Կոտայքի եւ Արարատի մարզերում դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման գործում: Դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման ծրագիր է իրականացնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությում:
Նախարար Դումանյանը վստահեցրել է, որ ծրագրերը շարունակվելու են, եւ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու կազմակերպության նախաձեռնություններին:



























