«Սինջար» եզդիների ազգային միավորումը բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրելով քաղաքի փողոցներից մեկը կոչել Ջանգիր աղայի անունով:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո Երեւանի քաղաքապետ պարոն Մարգարյան, Ձեզ ենք դիմում Հայաստանում բնակվող եզդիների ստվար զանգվածի անունից: Ինչպես հայտնի է եզդիները մեծ ներդրում են ունեցել Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերում, հատկապես աչքի է ընկել եզդիների հրամանատար Ջանգիր աղան: Ջանգիր աղան էր եւ իր եզդի զինակիցները, որ առանց որեւէ հրամանի եւ աջակցության, հանկարծակի հարձակվեցին դեպի Երեւան արշավող թուրքական բանակի վրա եւ կասեցրին նրան առաջխաղացումը: Այս հարձակման շնորհիվ հայկական կողմը ժամանակ շահելով հնարավորություն է գտնում կազմավորելու իր ուժերը եւ հակահարձակման անցնում:

Այսօր Երեւանք քաղաքում կան բազմաթիվ փողոցներ, որոնք կրում են հայ ժողովրդի մեծագույն բարեկամների անուները:

Մենք համոզված ենք, որ Ջանգիր աղան իր սխրանքներով եւ հայ ժողովրդին նվիրվածությամբ նույնպես հայ ժողովրդի բարեկաներից մեկն է: Ուստի խնդրում ենք Ձեզ հաշվի առնելով Ջանգիր աղայի գործունեությունը եւ մեր խնդրանքը, միջոցներ ձեռնարկել, որպիսզի Ջանգիր աղայի անունը եւս անմահանա` իր անվամբ փողոց անվանակոչելով:

Մենք համոզված ենք. որ դուք այնպիսի որոշում կկայացնեք, որ մենք վերստին կհամոզվենք Ձեր խոհեմության ու արդարացի լուծումներ գտնելու մեջ»: