«Բջնի» հանքային ջրերի գործարանը վաճառվելու է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
«Բջնի» գործարանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ, իր տեղեկություններով, օրերս կայացել է «Բջնի» հանքային ջրերի գործարանի պարտատերերի ժողովը, որը որոշում է կայացրել գործարանը ուղղակի գործարքի ձեւով, առանց աճուրդի, վաճառել «Ռոյալ Արմենիա Սիգարետ» ընկերությանը, որը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին: Ըստ Զոհրաբյանի՝ պարտատերերի ժողովի կազմում հիմնականում ներգրավված են Հայաստանի ՊԵԿ աշխատակիցները: «Այդ դեպքում, սնանկացման կառավարիչը պետք է միջնորդություն ներկայացնի դատարանին` հայցելով գործարքի թույլտվությունը: Բնականաբար դատարանը կտա այդ թույլտվությունը»,- նշեց փաստաբանը:
Ի դեպ, «Բջնի»-ի սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը՝ նշելով, որ նախորդ աճուրդում գնորդ չէր եղել, եւ հաջորդ անգամ «Բջնին» պետք է վաճառվեր 1 մլրդ 120 միլիոնով, սակայն «Ռոյալ Արմենիա Սիգարետ» ընկերությունը ուղղակի գործարք է առաջարկել 4 մլրդ 300 մլն գնով, եւ պարտատերերի ժողովը դրական որոշում է կայացրել: «Կարեւորը, որ գործարանն աշխատի, մարդիկ գործ ունենան»,- նշեց Չիտչյանը:
Հիշեցնենք, որ «Բջնի» գործարանը պատկանում էր գործարար Խաչատուր Սուքիասյանին, սակայն երբ նա հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, «Բջնին» վերցրին նրա ձեռքից:
Նշենք նաեւ, որ Ռուբեն Հայրապետյանը մեկ անգամ արդեն գործարանը գնելու փորձ արել է, սակայն կեսից մտափոխվել է:




























