Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 12-ին, ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Նախագահի մամուլի գրասենյակից:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երեւանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի եւ ԵԱՀԿ միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաեւ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, մարտահրավերներին եւ ընթացիկ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու: Լամբերտո Զանիերը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի կազմում շատ ակտիվ մասնակից պետություն է եւ հույս է հայտնել, որ կազմակերպության երեւանյան գրասենյակի միջոցով եւս ակտիվ համագործակցությունը շարունակվելու եւ զարգանալու է:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:



























