NEWS.am-լրատվական-վերլուծական գործակալության հարցազրույցը Orange Armenia ընկերության տնօրեն Բրունո Դյութուայի հետ։

Պարոն Դյութուա, Orange Armenia-ն գործունությունն սկսեց այնպիսի իրավիճակում, երբ բազմաթիվ ընկերություններ փակում էին իրենց բիզնեսը Հայաստանում, եւ երկրից կապիտալի արտահոսք կար։ Արդյո՞ք ճգնաժամը խախտեց ընկերության ծրագրերը։

Բացարձակապես։ Ճգնաժամը որեւէ կերպ չանդրադարձավ մեր ծրագրերի վրա, դեռ ավելին, մենք ավելի շատ ներդրումներ կատարեցինք, քան նախատեսել էինք այն պահին, երբ մասնակցում էինք Հայաստանի կառավարության հայտարարած երրորդ բջջային օպերատորի վերաբերյալ լիցենզիայի մրցույթին։ Եթե բոլոր ծախսերը գումարած ասեմ, ապա մինչեւ այս տարվա վերջ Orange Armenia-ն 140 մլն եվրոյի ներդրում կկատարի Հայաստանում, այդ թվում է նաեւ լիցենզիայի գնման, ձեռքբերման ծախսերի համար վճարված գումարը։

Ձեր ղեկավարած ընկերությունը մեկ ամսից ավելի է ինչ գործում է Հայաստանի բջջային կապի եւ ինտերնետ դաշտում, ինչպիսի՞ հաջողություններ եք գրանցել։ Արդյո՞ք արդարացան սպասումները։ Հաջողվե՞ց արդյոք Orange Armenia-ին մեկ ամսվա ընթացքում շուկայում հաստատուն տեղ գրավել։

Այժմ վերջնականպես ինչ-որ բան ասելը մի փոքր բարդ է, որովհետեւ ընդամենը մեկուկես ամիս է, ինչ գործում ենք։ Ինչ վերաբերում է բջջային կապին, սպասումները իրականանում են։ Ինչպես հույս ունեինք, Հայաստանում մեր առաջարկները լավ ընդունվեցին։ Ինտերնետի ոլորտում մենք հաճելիորեն զարմացանք, անակնկալի եկանք, քանի որ պահանջարկը գերազանցեց մեր սպասումները։ Ընդհանուր առմամբ այսօր 120 հազար բաժանորդ ունենք, որից 7.500-ը ինտերնետի բաժանորդներն են։

Պարոն Դյութուա, որոշ սպառողներ դժգոհություններ են հայտնում ինտերնետի արագությունից, նշում են, որ այն չի համապատասխանում հայտարարված 7,2 ՄԲիթ արագությանը, ի՞նչ է արվում որակի ապահովման ուղղությամբ։ Հաջորդ տարի ի՞նչ նորություններ են սպասվում ինտերնետի հայաստանյան սպառողին։

Նախեւառաջ նշեմ, որ երբեք չենք խոստացել 7,2 ՄԲիթ/վրկ արագությամբ հաստատուն ինտերնետ կապ տրամադրել, խոսքն այն մասին է, որ նշել ենք մինչեւ 7,2 ՄԲիթ արագություն, որովհետեւ մեր առաջարկած մոդեմն ի զորու է վայրկյանում այդքան եւ այդպիսի արագությամբ ինտերնետ ապահովել։ Ինչպես արդեն ասացի, ինտերնետի արագության հետ կապված որոշակի խնդիրներ ունեցել ենք: Կարելի է ասել, որ մենք մեր իսկ հաջողության զոհը դարձանք, որովհետեւ ընդամենը մի քանի շաբաթում այնքան վաճառք իրականացրինք, որքան նախատեսել էինք մինչեւ այս տարեվերջ։ Դրանից հետո, մենք հզորացրինք ցանցի հնարավորությունները, ինտերնետի արագությունը, բայց դրա համար 2-3 շաբաթ ժամանակ պահանջվեց, որովհետեւ տեխնիկապես ավելի շուտ իրականացնելը պարզապես անհնար էր։ Մոտ երեք շաբաթ է, որ ինտերնետի թողունակությունը ցանցում 3 անգամ ավելացրել ենք, իսկ միջազգային կապուղու թողունակությունն ավելացվել է 2 անգամ։ Սակայն ինտերնետի արագության կայունության հետ կապված՝ որոշակի վայրերում, մասնավորապես՝ Երեւանի կենտրոնում, խնդիրներ դեռևս կան, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մեզ համար իսկապես առաջնահերթ է ինտերնետի բաժանորդներին ապահովել արագ եւ որակյալ կապով։

Պարոն Դյութուա, հայտնի է, որ Ձեր ղեկավարած ընկերությունը iPhon-ների ներկրում եւ վաճառք է իրականացնելու։ Ինչպիսի պայմաններով են դրանք առաջարկվելու, եւ հնարավոր է, որ գումարի երկարաժամկետ մարման հնարավորությամբ տրվեն ձեր բաժանորդներին։

Այս պահին դեռ չեմ կարող հստակ ասել, թե երբ է սկսվելու iPhone-ների վաճառքը։ Դա հայտարարելու օրը որոշվելու է Apple ընկերության հետ եւ մենք միաժամանակ ենք հայտարարելու դրա միասին, քանի որ համագործակցում ենք նրանց հետ։ Ինչ վերաբերում է ապառիկ վաճառքին, այս հեռախոսների սուբսիդավորմանը, պետք է նշեմ, որ iPhone-ները վաճառվելու են հարմար գներով, բայց ապառիկ վաճառք չի իրականացվելու։

Դուք Հայաստանում համեմատաբար նոր գործունեություն սկսած ընկերություն եք ղեկավարում, ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ներդրումային դաշտի մասին, արդեն նկատե՞լ եք շուկայի առավելություններն ու թերությունները. եթե կարելի է, մեկնաբանեք։

Մի քիչ դժվար է պատասխանել այս հարցին։ Հեշտ հարց չէ, բայց փորձեմ նկատածս առանձնահատկությունները երեք ուղղության բաժանել։ Առաջինն այն է, որ Հայաստանում ցանկացած խնդիր հնարավոր է լուծել։ Վստահաբար կարելի է ասել, որ դա ոչ բոլոր երկրներում է հնարավոր։

Երկրորդ առավելությունն այն է, որ Հայաստանում շատ որակյալ մասնագետներ կան, որոնք նվիրված են իրենց գործին։ Այդ մարդկանց ես տեսնում եմ մեր ընկերությունում եւ այն ընկերություններում, որոնց հետ համագործակցում ենք։ Եվ երրորդը, որն իսկապես հատուկ է Հայաստանին. մարդիկ շատ արագ են արձագանքում առաջարկին, հետաքրքրասեր են։ Սա իսկապես մեր ընկերության համար շատ լավ է, որովհետեւ նոր ենք շուկա մուտք գործել, բայց նաեւ այս հանգամանքը մեզ ստիպում է, որ միշտ լարված աշխատենք, եւ փորձենք լինել առաջատարը, լավագույնը, որպեսզի բաժանորդներին չկորցնենք։ Հարցազրույցի ավարտին կցանկանայի իմ, մեր ընկերության աշխատակիցների եւ մեր գործընկերների անունից գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորել Orange Armenia-ի բոլոր բաժանորդներին եւ բոլոր հայաստանցիներին, նրանց մաղթել հաջողություններ։ Մենք հուսով ենք, որ առաջիկա ամիսներին եւ տարիներին կկարողանանք կապի ոլորտում նրանց մատուցել լավագույն ծառայությունները։