Համաշխարհային օպերային բեմի աստղ Աննա Նետրեբկոն բարեգործական համերգ է տվել, որից ստացված գումարը տրամադրել է Ռուսաստանի Կուբանի ջրհեղեղից տուժածներին: Համերգը կայացել է հուլիսի 20-ին, Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում, հաղորդում է Dni.ru-ն:
Օպերային երգչուհին կատարել է մեներգեր եւ դուետներ դասական ստեղծագործություններից: Համերգի ողջ հասույթը, իսկ դա մեկ մլն ռուբլի է, կփոխանցվի Կրիմսկում ջրհեղեղից տուժածների օգնության հիմնադրամին: Աննա Նետրեբկոն ինքն էլ Կուբանից է, ծնվել է Կրասնոդարում:
Բնական աղետից տուժած Կրիմսկի բնակիչների համար արդեն հավաքվել է ավելի քան 500 մլն ռուբլի: Ավարտվում է նաեւ փոխհատուցումների վճարումը:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ պետության կողմից հատկացվող ամբողջ գումարը բնակիչների հաշիվներին կփոխանցվեն մինչեւ հուլիսի 23-ը, հաղորդում է Vesti.ru-ն:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:




























