Հայոց բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ, 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի օրը), ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ Ավան թաղամասում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:

«Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը եւ պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաեւ միանալ քրեա-օլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի եւ անհանդուրժողականության շարժմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:

Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Մի քանի օր անց Վահե Ավետյանը մահացել էր:

Հուլիսի 3-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր իր թիկնապահների մասնակցությամբ միջադեպի պատճառով պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին: