Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը մինչեւ 2010թ. ապրիլ չի բացվի: Ադրբեջանական 1news.az կայքի հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Stratfor ռազմավարական կանխատեսումների ամերիկյան կենտրոնի Եվրասիայի հարցերով փորձագետ Մարկո Պապիկը: «Թուրքիան առանցքային խաղացող է տարածաշրջանում, եւ շատ բան կախված է նրանից, թե ինչ կանի Թուրքիան: Ու եթե նա շարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդակցությունների, դա կհանգեցնի լուրջ ճգնաժամի 2010թվականին»,- հայտարարել է Պապիկը:

Փորձագետի խոսքով, տարածաշրջանում եկող տարի առանցքային հարց է լինելու ղարաբաղյան հակամարտությունը: Բացի այդ, ինչպես նշել է նա, գլոբալ մակարդակում կան բազում հակասություններ Ղարաբաղի շուրջ. «Լեռնային Ղարաբաղը կարող է արդարացում դառնալ հակամարտության համար, նույնպիսին, ինչպիսին ուներ փոքրիկ Բոսնիան 1914թ. Առաջին աշխարհամարտից առաջ»:

Վերջին հաշվով, նրա խոսքով, դա կախված է նրանից, արդյո՞ք ցանկանում է Թուրքիան գործարք կնքել Հայաստանի հետ առանց Ադրբեջանի, եւ թույլ կտա՞ արդյոք Ռուսաստանը Ադրբեջանին օգտագործել իր ճնշող ռազմական գերակայությունը՝ ինքնուրույն վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը: Անդրադառնալով 2010թ. Հարավային Կովկասի կանխատեսումներին, Պապիկը նշել է, թե Թուրքիան կզբաղեցնի իր տեղն աշխարհում, եւ դառնում է «ոչ թե տարածաշրջանային, այլեւ իսկապես գլոբալ խաղացող»:

«Նրա „շարժումները“ Հայաստանի ուղղությամբ միտված են Կովկասում եւ նրա սահմաններից դուրս (Կենտրոնական Ասիա) ազդեցության ընդլայնմանը»,- նշել է փորձագետը: