«2009 թվականին Հայաստանում քաղաքական մթնոլորտը ես շատ բացասական եմ գնահատում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում, խոսելով 2009 թվականի ձեռքբերումների ու բացթողումների մասին, նշեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ու հավելեց. «Միայն մի դրական հանգամանք կա, որ հնչեցրել է հանրապետության նախագահը, ըստ որի՝ նա հորդորել է խորհրդարանին լրացուցիչ օրենք ընդունել, որով հնարավոր կլինի չեղյալ համարել հայկական կողմի ստորագրությունները Ցյուրիխյան արձանագրությունների տակ: Սա միակ դրական բանն է, որ ես տեսնում եմ։ Մնացած բոլոր զարգացումները բացասական են, այդ թվում նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը»:

Ինչ վերաբերում է 2010 թվականի կանխատեսումներին, Տ. Կարապետյանն ասաց. «Հաշվի առնելով, որ քաղաքական դաշտը 2009 թվականը մաքրեց, նախկին ընդդիմադիր բոլոր գործիչները դարձան իշխանական գործակալներ, ես մտածում եմ, թե դա արդեն 2010 թվականի համար դրական միտում է, որ կարող ենք իրական դիրքերից մոտենալ զարգացումներին: Լավ է, որ իմիտացիաների համար քիչ հնարավորություններ են մնացել»: Իսկ տնտեսական կյանքում, Ժողովրդական կուսակցության առաջնորդը աճ կամ զարգացման միտումներ չի տեսնում 2010 թվականին: «Ես համարում եմ, որ 2010 թվականին տնտեսական աճ չի արձանագրվի: Եթե զրոյական էլ լինի տնտեսության վիճակը, էլի փառք պետք է տանք Աստծուն եւ գոհ լինենք»,- ընդգծեց նա: